Վարդենիս-Սոթք հատվածում գնացքների շարժը 3 ժամով դադարեցվել է

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14:20-ին, ՃՏՊ է տեղի ունեցել Վարդենիս-Սոթք երկաթուղային հատվածում գտնվող չպահպանվող գծանցում:

Դեռևս չպարզված պատճառներով գծանց դուրս եկած տրակտորը բախվել է բեռնատար գնացքի լոկոմոտիվին: Տրակտորի վարորդը հոսպիտալացվել է: Դեպքի պատճառները ներկայումս պարզում է Ճանապարհային ոստիկանությունը:

Նշենք, որ գծանցումում, որտեղ տեղի է ունեցել պատահարը, առկա են նախազգուշացնող անհրաժեշտ նշանները:

Բեռնատար գնացքի էլեկտրաքարշն էական վնաս է կրել: Մասնավորապես վնասվել են լոկոմոտիվի դիմացի հատվածն ու մեքենավարի խցիկը, լուսարձակը, վագոնների ավտոմատիկ շղթայակցման բռնակը:

ՃՏՊ-ի պատճառով գնացքների շարժը դադարեցված էր մինչև դեկտեմբերի 8-ի ժամը 17:30-ն:

Երկաթուղին ևս մեկ անգամ վարորդներին հորդորում է հատկապես զգույշ և զգոն լինել գծանցներ հատելիս, ընթացքը շարունակել միայն համոզվելով, որ գծանցն ազատ է, և գնացքը չի մոտենում: Հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգ առնել՝ արգելակման ուղին կարող է 500 մետրից մինչև 1 կմ կազմել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ