![]()
Ընդդիմադիր ուժերը երեկ վերջնաժամկետ տվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մինչև երեքշաբթի օրը ժամը 12-ը հրաժարական ներկայացնելու համար: Ելույթ ունեցավ 17 ուժերի վարչապետի թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը. «Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա, որ ինքը ինչքան շուտ կամավոր հրաժարական տա, այնքան իրեն լավ: Շարժումը չհաղթեց՝ գազազած ժողովուրդ իրեն կհոշոտի: Այս շարժումն այն ճանապարհն է, որը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել իրավիճակը Հայաստանում, ձախողվեց՝ ավելի վատ է լինելու, բայց ինքը բոլոր դեպքերում գնալու է»:
Ազատություն Ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը նշել է.
Վերջնաժամկետը հնչեցրել է միասնական թեկնածու Վազգեն Մանուկյա՞նը: Վերջնաժամկետի հնչեցման վայրը ընտրված էր առաձնատո՞ւնը կառավարական: Սա նման է 96 թվականի վերջնաժամկետին` գնում եմ, հետևիցս եկեք: Հիմա ներկայացնում է, որ «ժողովուրդը գազազած է, ձեզ հոշոտելու է»: Ժողովրդին գազազացնելու առաջին քայլը եղավ, երբ որ հրադադարի ռեժիմի մասին հայտարարությունն արվեց համազգային փեսայի կողմից մինչև պաշտոնական հայտարարությունը, և հրոսակախմբերը մշակված պլանով հարձակվեցին կառավարական շենքի և առանձնատան վրա, որտեղ ապրում են նաև իրենց հետաքրքրող պաշտոնյաների ընտանիքները և երեխաները: Նրանք շատ չեն, բայց երեխաները շատ էին, և իրենց հաջողվեց մտնել տարածքներ, ոչնչացնել գույքը, բայց ման էին գալիս կոնկրետ երկու առաջնային պաշտոնյայի` Ազգային ժողովի նախագահին և վարչապետին: Եվ բոլորի աչքի առաջ, կամեռաների աչքի առաջ բոլորը տեսան, թե ինչպես էին հոշոտում Ազգային ժողովի նախագահի մարմինը, երբ որ նաև զգուշացվում էր, որ դադարեցրեք, ինքն այլևս չի շնչում: Եվ դա շարունակվում էր, ոնց որ հրահանգավորված լիներ: Տեսանելի էր, թե ինչ որակի հետ գործ ունենք:
Հիմա ոնց որ թե Վազգեն Մանուկյանը, ինչպես 96 թվականին հիշեցրեց, որ գնում եմ, հետևիցս եկեք, գնացողները գնացին, արեցին իրենց գործը, հիշում եք` Արա Սահակյանի, Բաբկեն Արարքցյանի գլուխը կոտրեցին, նաև փախցրեցին իրենց հետ, իսկ այս ընթացքում պարզապես իրենց չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին գտնել այս արագության մեջ: Եվ հիմա ամսի 8-ին նորից կգան այդ խմբերը, արդեն միասնական թեկնածուն հայտարարել է, որ նրանք գազազած խմբեր են, և պետությունը պետք է պաշտպանի իր պետական կառույցները, իշխանությունը, իսկ այդ իշխանությունը նույնիսկ այս ծանր, բարոյալքված վիճակում պատերազմի արդյունքում ինքն ունի լեգիտիմության բարձր աստիճան, որովհետև մենք պառլամենտական երկիր ենք, և պառլամենտում տեղակայված քաղաքական իշխանությունը և ընդդիմությունը ունեն բարձր լեգիտիմության աստիճան, և քաղաքական օրակարգը պետք է սպասարկվի պառլամենտի պատերի ներսում և ոչ թե ժողովրդին գազազացնելով և իշխանության ձգտելու և իշխանությանը պարտադրելու որևէ ինչ-որ ձևաչափով:
Իրենք շարժվում են այն տրամաբանությամբ, որ բա նույն ճանապարհով իշխանության եկավ հեղափոխությունը, բայց իրենք մոռանում են, որ ժողովուրդն իրացրեց ամստամբելու իր իրավունքը և իրականացրեց հեղափոխություն, ընդ որում սահմանադրական ճանապարհով: Կասեն` բա այդ ճանապարհը ո՞րն է: Այն ճանապարհն է, որով պառլամենտն ընդունեց ժողովրդի կամքը, այսինքն` Սահմանադրության պահանջներից մեկը, և այդ ժամանակվա իշխանությունները, ընդունելով ժողովրդի կամքը, իրենք իշխանությունը հանձնեցին ժողովրդին: Դրանից հետո տեղի ունեցան ընտրություններ, և ընտրություններով ֆիքսվեց այն լեգիտիմության մակարդակը, որով շարժվում է այսօրվա Հայաստանի Հանրապետությունը` հանձինս պառլամենտի մեծամասնության և պառլամենտում գտնվող ընդդիմադիր ուժերի բաշխված թվաքանակով:
![]()