![]()
Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:
Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։
Նախնական տվյալներով թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել գրադ կանքից։
Մարդկային կորուստներ չկան։
Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում է սմերչ տեսակի հրթիռներ։
Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 22-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 900 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։
![]()