Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել վերաբաշխում կատարել 2026 թվականի պետական բյուջեում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնելով 6,933,980.2 հազար դրամի չափով հավելյալ միջոցներ։

Ֆինանսավորումը կուղղվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի այս փուլի պատշաճ իրականացմանը, ինչպես նաև Երևանում 2027 թ. սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացմանը։

300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի հիմնական վերջնաժամկետը 2026 թվականն է, ուստի աշխատանքներն այս տարի իրականացվում են լայնածավալ կերպով և ավելի շատ օբյեկտներում։ Նորոգվող դպրոցների ցանկերը պարբերաբար համալրվում են, իրականացվում են նոր օբյեկտների շինարարական աշխատանքներ և գույքային հագեցում։

Ծրագրի շրջանակում ներկայում ավարտված են ավելի քան 220 դպրոցի և կրթահամալիրի, ինչպես նաև ավելի քան 380 մանկապարտեզի շինարարական աշխատանքները։ Մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել ծրագրի 1-ին փուլը՝ ապահովելով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարական աշխատանքները, ինչի համար անհրաժեշտ էր 2026 թ. պետական բյուջեով այս ծրագրին ուղղված միջոցներն ավելացնել շուրջ 15–20 մլրդ ՀՀ դրամով, որից 10.06 մլրդն արդեն հատկացվել է՝ ՀՀ կառավարության նոյեմբերի 5-ի N 1618-Ն որոշմամբ։

Այսօրվա որոշմամբ հատկացվող գումարը նախատեսված է ծրագրի ավարտական փուլի ապահովման, ինչպես նաև Երևանում 2027 թվականի ապրիլի 27-ից մայիսի 2-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացման համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ