Լուկաշենկոն չի թաքցրել, որ Բելառուսում ավտորիտար համակարգ է տիրում

Օգոստոսի 31-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է Գերագույն դատարանի նախագահի հետ և նրան խնդրել է միանալ Սահմանադրական փոփոխությունների աշխատանքին։ Այս մասին տեսանյութ է տարածել բելառուսական պետական БЕЛТА լրատվական գործակալությունը։

Բելառուսի նախագահը նաև հայտարարել է, որ իշխանությունները ժողովրդին առաջարկելու են փոփոխություններ, որոնք առաջ կտանեն հասարակությունը, և նպատակահարմար չի համարել 1994-ի Սահմանադրությանը վերադառնալը, ինչպես առաջարկում էր ընդդիմությունը։

Լուկաշենկոն նաև չի թաքցրել, որ երկրում գործող համակարգը ավտորիտար բնույթ է կրում։

«Ես կարծում եմ, որ չնայած այն հանգամանքին, որ մեզ մոտ առկա է հասարակական կյանքի կազմակերպման որոշ չափով ավտորիտար համակարգ, այնուամենայնիվ, նախագահը պաշտպանում է դատարանները։ Սա անձի հետ կապված պահ է, սակայն պետք է անել այնպես, որ գործի այնպիսի համակարգ, որը կապված չլինի անձի հետ, այդ թվում՝ Լուկաշենկոյի անձի»,- ասել է Բելառուսի նախագահը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում Ալեքսանդր Լուկաշենկոն 6-րդ անգամ դարձավ նախագահ, ինչից հետո արդեն 22 օր շարունակ երկրում ցույցեր են անցկացվում նոր ընտրություններ անցկացնելու պահանջով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ