![]()
ԿԳՄՍ նախկին խոսնակ Անժելա Կժդրյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Վանդալիզմը կորոնավիրուսի օրերին…
Փարիզում Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող` Կոմիտասի արձանի վրա գրել են «Կեղծիք է»:
Այս առնչությամբ հայտարարություն է տարածել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը, նշելով, թե խստորեն դատապարտում են «Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը, որը ժխտողականության դրսևորում է, մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին»
Հուշարձանը գտնվում է Ալբերի գետափի մոտ, Փարիզի հեղինակավոր ութերորդ շրջանում, Ելիսեյան պալատի և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության հարևանությամբ` «Երևան» պուրակում։
Հուշարձանի բարձրությունը 6 մետր է, 2 մետր պատվանդանն է, արձանը՝ 4 մետր, նյութը՝ բրոնզ։ Հուշարձանի հետևի մասում խաչքար է, իսկ վարդապետի ձեռքին՝ գիրք, մյուս կողքից նոր կյանք խորհրդանշող երեխայի գլուխ է քանդակված։ Հուշարձանի վրա գրված է.
Ի ՅԻՇԱՏԱԿ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ԵՎ 1915-ԻՆ ՕՍՄԱՆԵԱՆ ԿԱՍՐՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 1 500 000 ՀԱՅ ԶՈՀԵՐՈՒՆ։
![]()