![]()
Գերմանացի բժիշկները տեղեկացրել են, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը «դեռևս լուրջ է, սակայն կյանքի համար վտանգ չի ներկայացնում»՝ գրում է Deutsche Welle-ն:
Գերմանիայի մասնագետների հավաստմամբ՝ անհնար է կանխատեսել պացիենտի առողջության վրա ծանր թունավորման հետևանքները:
Նավալնին դեռևս արհեստական կոմայի մեջ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նա միացված է արհեստական շնչառության սարքին:
Ինչպես ավելի վաղ հափտնել էինք, Ալեքսեյ Նավալնին, որը տեղափոխվել էր գերմանական կլինիկա, ստացել է Անգելա Մերկելի «Կանցլերի հյուրի» պաշտոնական կարգավիճակ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերմանական ZDF հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի, այս կարգավիճակը թույլ է տալիս գերմանական ոստիկանությանը շուրջօրյա անվտանգություն ապահովել Նավալնիի համար: Միևնույն ժամանակ, նշվում է, որ «քաղաքական ազդանշանի մասին խոսք չկա»:
«Այն փաստը, որ նա պետական մարմինների ներկայացուցիչ չէ, այստեղ որևէ դեր չի խաղում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՏԱՍՍ-ի թղթակցի փոխանցմամբ՝ երեք ոստիկանական ֆուրգոն է հերթապահում «Շարիտե» կլինիկայում, որտեղ պառկած է Նավալնին: Մուտքի մոտ 20 լրագրող կա:
Օգոստոսի 20-ին ինքնաթիռը, որով Նավալնին թռչում էր, շտապ վայրէջք է կատարել Օմսկում, և բլոգերը տեղափոխվել է հիվանդանոց: Ենթադրվում էր, որ նա սուր թունավորում ունի: Սակայն օգոստոսի 21-ին բժիշկները հայտնեցին, որ հիմնական ախտորոշումը նյութափոխանակության խանգարումն է: Այս պահին Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը գնահատվում է անկայուն ծանր:
![]()