![]()
Վաղաշեն գյուղում իրականացվող սուբվենցիոն չորս ծրագրերից երկուսն արդեն ավարտվել են:
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքում 2020 թվականի օգոստոսի 27-ի դրությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող չորս սուբվենցիոն ծրագրերից երկուսն արդեն գտնվում են ավարտական փուլում:
Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ավարտված ծրագրերից մեկով արդեն ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ ամբարձիչ էքսկավատոր, որն այս տարվա օգոստոսի 20-ից գտնվում է համայնքում։ Էքսկավատորի պայմանագրային արժեքը կազմում է 33 միլիոն 500 հազար դրամ, որի 55 տոկոսը կամ 18 միլիոն 425 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը կամ 15 միլիոն 75 հազար դրամը՝ Վաղաշենի համայնքապետարանը:
Վաղաշենի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ էքսկավատորն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու է «Բարեկարգ Վաղաշեն» ՀՈԱԿ–ին, որն իր կանոնադրությամբ սահմանված գործառույթների շրջանակներում իրականացնելու է աղբահանության, սանիտարական մաքրման, աղբավայրի սպասարկման, սելավատարների եւ գլխավոր առուների, բաց դրենաժների մաքրման, ներհամայնքային ճանապարհների փոսալցման, հարթեցման եւ ձմեռային պահպանության, խմելու ջրի ջրագծերի վթարների սպասարկման աշխատանքներ։
Ավարտի հասցված երկրորդ ծրագրի արդյունքում իրականացվել է «Կոփոյ վար» կոչվող արոտավայրի ջրարբիացման, ոռոգման, կենցաղային եւ տեխնիկական ջրի ջրաքանակի ավելացում:
Մարզպետարանը հայտնում է, որ ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 47 միլիոն 40 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 928 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկսոսը կամ 14 միլիոն 112 հազար դրամը՝ Վաղաշենի համայնքապետարանը: Ջրաքանակի ավելացմամբ համայնքում լուծում են ստացել արոտների ջրարբիացման եւ ոռոգման ջրի մատակարարման հետ կապված խնդիրները:
Լեռնային բարդ պայմաններում կառուցվել է 1,8 կիլոմետր երկարության ջրատար եւ 3 աղբյուրակապ: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2020 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ: Վաղաշենում այժմ ընթացքի մեջ է սուբվենցիոն երկու ծրագիր, որոնցից մեկի՝ մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի մեկնարկը տրվել էր 2019 թվականի վերջերից, 112 միլիոն 374 հազար դրամ պայմանագրային արժեքով: Իրականացվում են շենքի ամրացման եւ սեյսմազինվածության մակարդակի բարձրացման, նոր միջնորմների, հատակների կառուցման, հարդարման աշխատանքներ եւ արտաքին պատերի ջերմամեկուսացում, ներքին դռների եւ վիտրաժների տեղադրում, նոր ջեռուցման համակարգի կառուցում, նոր էլեկտրալուսավորության, ջրամատակարարման եւ կոյուղու ներքին ցանցերի կառուցում, բակի բարեկարգում եւ պարսպապատում:
Ընթացքում գտնվող սուբվենցիոն մյուս ծրագրով իրականացվում է մանկապարտեզի գույքի ձեռքբերումը:
Մանկապարտեզի հիմնանորոգման եւ գույքի ձեռքբերման աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:
![]()