Պուտինը կրկին հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
Ինչպես նշվում է, զրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են ընտրություններից հետո Բելառուսում ստեղծված իրավիճակը՝ մասնավորապես ճնշումը, որ գործադրվում է Բելառուսի վրա դրսից։ Բացի դրանից՝ Պուտինը կրկին վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ աջակցելու Մինսկին խնդիրների լուծման հարցում։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը նշել էր, որ եթե Բելառուսի պաշտպանությանը արտաքին վտանգ սպառնա, հանրապետությունը օգնության համար կարող է դիմել ՀԱՊԿ-ին։

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարևորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 15-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ համաձայնության է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի համաձայն՝ առաջին իսկ խնդրանքի դեպքում Ռուսաստանը համակողմանի օգնություն կցուցաբերի Բելառուսի անվտանգությունն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Մինսկում օգոստոսի 9-ից նախագահական ընտրությունների արդյունքները դարձել են բողոքի ակցիաների առիթ: Դրանք ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ