«Երեխաները մեր կյանքում ամենակարևորն են». Տիխանովսկայան բացատրել է Բելառուսից հեռանալու իր որոշումը

Բելառուսի նախագահի թեկնածու, Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձում բացատրել է հանուն երեխաների երկիրը լքելու իր որոշումը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա տեղափոխվել է Լիտվա: Ըստ որոշ տեղեկությունների, քաղաքական գործչի մեկնումը կազմակերպել են երկրի իշխանությունները:

Ըստ Տիխանովսկայայի, նա հայտնվել է ծայրաստիճան դժվար ընտրության առաջ և երկիրը լքել է սեփական որոշմամբ: Նրա խոսքով, նա կարծում էր, որ քարոզարշավը կոփել է իրեն և այնքան ուժ տվել, որ կդիմանա ամեն ինչի:

«Բայց, իրականում, ես այն նույն թույլ կինն եմ, ինչպիսին եղել եմ ի սկզբանե: Ես ինքս ինձ համար շատ դժվար որոշում կայացրի՝ բացարձակապես ինքնուրույն. ո՛չ ընկերներս, ո՛չ հարազատներս, ո՛չ շտաբը, ո՛չ էլ Սերգեյը (ամուսինը, որը գտնվում է բելառուսական բանտում) որևէ կերպ չեն ազդել դրա վրա»,- ասել է քաղաքական գործիչը:

Տիխանովսկայան հայտարարել է, որ իր մեկնման հետ կապված հակասական արձագանք է կանխատեսում. շատերը կհասկանան նրան, շատերը կդատապարտեն, հնարավոր է նաև՝ ատեն:

«Գիտեք, Աստված մի արասցե, այնպիսի ընտրության առաջ կանգնեք, որին բախվել եմ ես: Ուստի, խնդրում եմ պահպանեք ինքներդ ձեզ, մարդիկ, ոչ մի կյանք չարժե նրան, ինչ հիմա կատարվում է: Երեխաները մեր կյանքում ամենակարևորն են», – ասել է նա:

Տիխանովսկայան ունի երկու երեխա՝ դուստրը չորս տարեկան է, որդին՝ 10 տարեկան:

Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի ունեցան օգոստոսի 9-ին: Ըստ պաշտոնական տվյալների, ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի օգտին քվեարկել է ընտրողների 80.23%-ը: Տիխանովսկայան ստացել է 9.90% ձայն: Քվեարկության ավարտից հետո երկրում սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ և ոստիկանության հետ բախումներ: Կա մեկ զոհ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ