«Hands off Tavush». ամերիկահայերն աջակցություն կցուցաբերեն ապաստարանների կառուցման գործում

Հայաստանի սամանի Տավուշի հատվածում օրեր առաջ Ադրբեջանի սանձազերծած գործողություններն անտարբեր չթողեցին աշխարհի տարբեր հատվածներում գտնվող բազմաթիվ հայերի: Մի մասն իր աջակցությունն էր հայտնում տեղեկատվական դաշտում, մի մասն ակտիվորեն մասնակցում էր բողոքի ձայնը բարձրացնելու, համախմբվելու ցույցերին, որոշներն էլ մտածում էին, թե ինչ ֆինանսական աջակցություն կարող են ցուցաբերել Տավուշի մարզի սահմանամերձ բնակիչներին:

Ամերիկացի գրող, իրավաբան և հայազգի դասախոս, իրավապաշտպան, ակտիվիստ, ծագումով Բաքվից Աննա Աստվածատուրյան-Թերքոթը, ով ներկայում ԱՄՆ-ում է բնակվում, հայտնի է Հայաստանին, Արցախին աջակցելու տարբեր ծրագրերով: Աննա Աստվածատուրյան-Թերքոթի ընտանիքը տասնամյակներ առաջ Բաքվում հայերի ջարդերի կազմակերպման ժամանակ մի կերպ կարողանում է փախչել:

Պատմության թողած հետքը ուղեկցել է ամբողջ կյանքում: Աննա Աստվածատուրյան-Թերքոթը բոլոր առիթներն օգտագործել է պատմելու, ներկայացնելու, թե տասնամյակներ առաջ Բաքվում հայերի նկատմամբ ինչ վայրագություններ են տեղի ունեցել: Օրեր առաջ Տավուշում Ադրբեջանի սանձազերծած գործողությունները, սահմանային լարվածությունը, կարծես, վերաթարմացրեցին հիշողությունները:

«Ես որոշեցի առաջին 30 հազար ԱՄՆ դոլարն ուղարկել ապաստարանների կառուցման գործին: Մնացած գումարը կմնա տնտեսական նախագծերի համար, որոնց իրականացումը բնականաբար կլինի մարզպետի հետ համագործակցությամբ: Գումարները կներդրվեն կոնկրետ ծրագրերում: Ես ցանկանում եմ աշխատել այն կազմակերպությունների հետ, որոնք հենց այդ մարզում են գործում, որոնք տնտեսական նախագծերի փորձ ունեն»,-հավելեց նա:

Աննա Ասվածատուրյան-Թերքոթն անդրադարձավ նաև այս օրերին աշխարհի տարբեր երկրներում հայերի ու ադրբեջանցիների միջև սրացումներին: Նա ընդգծեց, որ նման սրացումներին պետք է պատասխանել Հայրենիքի հանդեպ վերաբերմունքով:

«Օգնեք Հայաստանին, մի տրվեք սադրանքներին, ձեզ ավելի բարձր պահեք: Եղեք զգույշ, պատմեք սենատորներին այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում Հայաստանում  և Սփյուռքում։ Եվ ամենագլխավորը, արեք այնպես, որ մեր նախնիները հպարտանան մեզնով»,-հավելեց նա:

Աննա Ասվածատուրյան-Թերքոթը «Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» (Nowhere, a Story of Exile) գրքի հեղինակն է: Գիրքը գրել է՝ հիմնվելով մանուկ ժամանակ վարած օրագրի հիշողությունների վրա, որտեղ պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը Բաքվում առերեսվում ազգային բռնության և բնաջնջման: Նա  կարևոր դեր է խաղացել ԱՄՆ Մեն նահանգի կողմից 2013 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման գործում։ Պարգևատրվել է Հայաստանի ու Արցախի նախագահների կողմից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ