Ներկա իշխանությունների ռեյտինգը «քցողներից» օր առաջ պետք է ազատվել. ովքե՞ր պետք է լինեն հրաժարական ներկայացնող հաջորդ պաշտոնյաներն

«Խորհրդարանում Ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները քաղաքական դարձնելու նախագիծն առաջին ընթերցմամաբ ընդունվեց։ Սա պետք է փոխկապակցության մեջ դիտարկել։ Առաջին քայլերն են, սակայն ողջունելի են։

Երկու միավորներն էլ, որոնք ժառանգություն են մնացել խորհրդային բոլշևիկյան ժամանակներից, և դրան, ըստ էության, ոչ ոք լրջորեն չի անդրադարձել՝ վերափոխելու և ժամանակի պահանջներին համահունչ կառույցներ ստեղծելու իմաստով։ Պետք է նկատի ունենանք, որ այդ մարմինները նախորդ ռեժիմի մահակներն են եղել և իրենք որոշակի քավարանով անցնելու խնդիր ունեն»,- ArmDaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականներին, ասաց «Սասնա ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը:

Դիտարկմանը, թե խոսքը մարմինների մասին է, թե կոնկրետ անձանց, այս դեպքում Օսիպյանի և Վանեցյանի, Չուգասզյանը նշեց, որ առաջին հերթին մարմիններին, իսկ քանի որ հեղափոխությունից հետո այդ մարմիններում լուրջ փոփոխություններ չեն արվել, ուրեմն նաև անձանց։

Հարցին, թե վերջերս հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և արդյոք այս պաշտոնանկությունների հարցը քննարկվել է, «Սասնա ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամը պատասխանեց, որ հանդիպման ժամանակ քննարկել են անցումային արդարադատության հարցը, որը այդ գործընթացը պետք է ի վերջո սկսել։

«Այնարագությունը, որով դա ընթանում է, առանց իրավաքաղաքական գնահատական տալու նախորդ ռեժիմին, բավականին բարդացնում է այն փոփոխությունների ընթացքը, որով Հայաստանը պետք է անցնի։ Իրավական, ուժային մարմիններում նույնպես պետք է որոշակի անցումային արդարադատության գործիքակամ օգտագործվի»,-հավելեց նա։

Դիտարկմանը, թե մեր տեղեկություններով վարչապետի հետ հանդիպման ընթացքում «Սասնա ծռեր» կուսակցության անդամները բարձրացրել են Արթուր Վանեցյանի և Վալերիյ Օսիպյանի  հրաժարականների հարցը և նրանց հրաժարականի դեպքում պատրաստակամություն հայտնել սատարել Փաշինյանին, Չուգասզյանը պատասխանեց. «Մենք նման բան չենք քննարկե։

Մենք քննարկել ենք գնալով ահագնացող ռևանշի հնարավորությունը Հայաստանում և դա բնականաբար ռևանշը կարող է տարբեր սցենարներով ընթանալ, այդ թվում նաև դավադրական սցենարներ կարող են լինել։Սակայն մենք հատուկ չենք քննարկել որևէ անձի կամ մարմնի շուրջ առաջացած իրավիճակը։ Մենք խոսել ենք ընդհանուր քաղաքական հարցերից, իրավիճակից»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ