Սերժ Սարգսյանը հակադրվում է Ռոբերտ Քոչարյանի մոդելին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հոդված է հրապարակել ներքաղաքական իրավիճակի գնահատականով, դրանից ելքերի փնտրտուքով, որտեղ արձանագրել է, որ առանց ՀՀԿ-ի չի կարող լինել ընդդիմության մոբիլիզացիա: ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը փաստորեն արձանագրում է ՀՀԿ գերակա դերը ընդդիմադիր դաշտի ձևավորման գործընթացում, կամ ընդդիմադիր դաշտի կառավարման համար պայքարում, որտեղ ակնհայտ է մի քանի բևեռի աշխույժ ջանքն ու ձգտումը:

Դրան ձգտում է թե Ռոբերտ Քոչարյանը, դրան ձգտում է թե ԲՀԿ-ն, դրան ձգտում են թե Սասնա ծռերը՝ ընդ որում նաև թիրախավորելով մնացյալ բոլորին, թե ձգտում է ՀՀԿ-ն, թե վերջին շրջանում բավականին բաց հայտով խաղում է նաև Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Ընդդիմության համար պայքարում ՀՀԿ դերն իսկապես առանձնահատուկ է, ինչի մասին մենք առիթ ենք ունեցել խոսելու դեռևս հեղափոխությունից անմիջապես հետո: ՀՀԿ-ն չունի իշխանության վերադառնալու, կամ իրապես կենսունակ, մրցունակ, հանրային վարկանիշի հավակնող ուժ լինելու հնարավորություն, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով, առնվազն առաջիկա թերևս տասնամյակի ընթացքում:

Բայց ՀՀԿ-ն ունի գործնականում նախկին իշխող համակարգին որևէ կերպ առնչվող որևէ այլ ուժի այդպիսի հնարավորություն չտալու բավարար կարողություն, ընդ որում ինքնին իր առկայությամբ, պարզապես լինելով: Ինչպիսի փաթեթավորումով էլ վերախմբավորվի նախկին համակարգի որևէ թև, ակնառու է, որ ՀՀԿ-ն իր քաղաքական ներկայությամբ «պատռելու» է ցանկացած փաթեթ:

Նաև այստեղ է թերևս այն հարցի պատասխանը, թե ինչու հեղափոխությունից հետո նոր իշխանությունը չի չեզոքացրել ՀՀԿ-ն քաղաքական դաշտից ընդհանրապես: Այստեղ խնդիրը լոկ իրավական մեխանիզմների դաշտում չէ: ՀՀԿ քաղաքական ներկայությունը որոշակի քաղաքական զրահ է հետհեղափոխական իշխանության համար, և թերևս ընդհանրապես հետհեղափոխական քաղաքական համակրգի խնդրի համար ընդհանրապես: Այդ ներկայությունը գործնականում թույլ չի տալու հին համակարգը որևէ կերպ վերափաթեթավորել որպես նոր և ուղղակի պարտադրելու է ի վերջո հանրայնորեն ընդունել ոչ թե վերախմբագրվող, կամ պարզապես անվանումներով տարբերվող, այլ սկզբունքորեն նոր ընդդիմության օրակարգային գերհարցը:

Այդ իմաստով, Արմեն Աշոտյանի հոդվածում եզրահանգումը գործնականում անուղղակի, սակայն «գաղափարական» հակադրության մեջ է Ռոբերտ Քոչարյանի առաջարկած մոդելի հետ, որը նախկին իշխող համակարգը վերախմբավորելու և նորովի փաթեթավորելու մոդելն է: ՀՀԿ փոխնախագահի հրապարակած հոդվածը հուշում է, որ ազատության հարցում հայտնելով իր և ՀՀԿ աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին, քաղաքականության հարցում Սարգսյանը հակադրվում է նրան:

Նյութի աղբյուր՝ 1in.am

Spread the love
  •   
  •   
  •