Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ

Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, մի խումբ քաղաքացիներ փակել էին միջպետական ճանապարհը, որի ժամանակ միջադեպ էր եղել. Այրում բնակավայրի բնակիչը պահանջել էր բացել ճանապարհը ու իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ էր ընթացել, սակայն մի խումբ անձինք խոչընդոտել էին մեքենայի ընթացքը:

Ըստ իրավապահների՝ Երևանից Տավուշ ժամանած՝ «Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամ Արման Պետրոսյանը և նույն խմբակի այլ անդամներ հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ էին հնչեցրել հիշյալ բնակչի հասցեին։ Նրանք հարձակվել էին «ՈՒԱԶ»-ի վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մեքենային, ինչի հետևանքով մեքենայի տարբեր հատվածներ վնասվել էին, իսկ դիմապակին՝ կոտրվել, մեկն էլ կտրող-ծակող առարկայով վնասել էր «ՈՒԱԶ»-ի անվադողը:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 7 անձ է ձերբակալվել, իսկ Արման Պետրոսյանը կալանավորվել է:

Տավուշի ԵԿՄ նախագահ Յուրա Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ այդ ճանապարհով անցնելու հանձնարարություն ինքն է տվել:

«Ճանապարհը ես բացել եմ, որովհետև ճանապարհի մյուս կողմում 4 տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում, որ պետք է հասցնեին հիվանդանոց, 7-8 մեքենա էլ Վրաստանից էին գալիս՝ թաղումից: Ասել եմ, որ բացեն ճանապարհը, մարդիկ հիվանդանոց են գնում, մի մասն էլ թաղումից են գալիս, իրենք էլ ասացին՝ չեն բացում, ասացի՝ չեք բացում, ուրեմն ես կբացեմ, ու իսկապես ուժ եմ գործադրել ու բացել, որովհետև թևը կոտրած երեխա կար: Իսկ այն, որ մենք «ՈՒԱԶ»-ով մտել ենք ժողովրդի մեջ, նման բան չկա, երևո՞ւմ է, որ մեր «ՈՒԱԶ»-ը մտնում է ժողովրդի մեջ, «ՈՒԱԶ»-ի վրա ժողովուրդն էր հարձակվում»,- ասում է Հարությունյանը:
Հարցին՝ հավաքվածները սադրե՞լ են արդյոք, վերջինս պատասխանում է՝ իհարկե, հատուկ են արել, որ Երկրապահի վրա պիտակ կպցնեն. «Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի, հազար ու մի բան են գրում…: Այդ մարդիկ հատուկ գալիս են այստեղ «հյուրախաղերի», դերասանություն են անում, վեր կենում գնում: Այդ մարդկանց, որ պահեն քաղաքում, մեր գյուղերի վրա չուղարկեն, մենք մեր գործն անում ենք, մենք դա արել ենք 90-ականներին և անում ենք հիմա»:
Հարությունյանն ասում է, որ չի հասկանում, թե որն է ճանապարհը փակողների պահանջը՝ հավելելով՝ անգամ նրանք չգիտեն՝ ինչ են ուզում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ