Վիտալի Բալասանյանին կրկին հրավիրել են ՀՔԾ «Մարտի մեկի» գործով հարցաքննության

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին կրկին հրավիրել են ՀՔԾ «Մարտի մեկի» գործով հարցաքննության։ Այս մասին ասաց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օգանջանյանը։

Ավելի վաղ «Մարտի 1-ի» քրեական գործով հարցաքննության կանչելու նպատակով Արցախի Հանրապետության ոստիկանության միջոցով ծանուցագիր էր ուղարկվել Վիտալի Բալասանյանին, սակայն դրանից հետո ստացվել էր  Բալասանյանի դիմումը, որով վերջինս հայտնել էր, որ ծանուցագիրը` դրանում նշված հարցաքննության ներկայանալու ժամկետից ուշ է ստացել:

Բալասանյանը միաժամանակ հայտնել է, որ 2008թ.-ի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ անձամբ Երևանում չի գտնվել, և այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին իր տվյալները սահմանափակվել են այնքանով, որքանով որ դրանք հասանելի են եղել հասարակության լայն շրջանակներին և տարածվել ԶԼՄ-ների միջոցով: ՀՔԾ–ից տեղեկացրեցին, որ Բալասանյանի դիմումը ստանալուց հետո, սակայն վարույթն իրականացնող մարմինը, հիշյալ քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ հարցադրումներ ունենալով, նրան հարցաքննության հրավիրելու վերաբերյալ կրկին ծանուցագիր է ուղարկել:

Նյութի աղբյուր՝ News.am

Spread the love
  •   
  •   
  •