Բաքվից վայրահաչոցները վկայում են` Ալիևը գործընթացների վրա ազդելու հնարավորություն չունի

COP29 բնապահպանական համաժողովին ընդառաջ կազմակերպված համաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական՝ Հայաստանին վերաբերող հայտարարություններն է արել՝ նշելով, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց և «Զանգեզուրով միջանցք» տրամադրի Ադրբեջանին։

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը Сivic.am-ի հետ զրույցում ասաց, որ սա «մարտով հետախուզություն է»։ Ալիևն անընդհատ փորձում է շոշափել մեր կարմիր գծերը և փոփոխել դրանք։ Հայկական կողմը պետք է մի անգամ և վերջնականապես սահմանի իր կարմիր գծերն ու բարձրաձայնի այդ մասին՝ նշելով, որ դրանք փոփոխման ենթակա չեն։

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էլ առ ոչինչ է՝ ըստ Ստեփանյանի։

«Եթե Ռուսաստանը հանում է իր, այսպես կոչված, խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից՝ նշանակում է այդ փաստաթուղթն առ ոչինչ է ոչ միայն փաստացի, այլև դեյուրե։ Մենք պետք է հետ կանչենք մեր ստորագրությունը այդ թղթի կտորի տակից, որ ո՛չ Ալիևը, ո՛չ նրա շեֆ Լավրովն այլևս չխոսեն այդ թղթի մասին»,- ասաց քաղաքագետը։

Ալիևը, ըստ Ստեփանյանի, փորձում է Արարատի թեմայից խոսելով բարձրացնել իր պահանջների սանդղակն ու սեփական կշիռը։ Մեր պատասխանը պետք է առանց որևէ էմոցիաների լինի ու հստակ ասվի, որ մենք որևէ հարց քննարկելու չունենք, որը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրից այս կողմ է։

Ալիևը նաև անդրադարձել էր Տավուշում սահմանազատմանը։ Ադրբեջանի նախագահը ողջունել էր երկկողմ համաձայնությունը։ Նշել էր, որ պետք է հետագա սահմանազատումները անել սկզբունքներից ելնելով՝ միևնույն ժամանակ որոշ հատվածներում ճկունություն ցուցաբերել, որովհետև կարող են լինել խնդրահարույց մասեր։

Ըստ Ստեփանյանի՝ Ալիևը որոշ հատվածներում բարձրացնում է սանդղակը, որոշ դեպքերում՝ վերադառնում ռեալ-պոլիտիկ։ «Ալիևը մի կողմից՝ 2 քայլ առաջ է անում և փորձում այդտեղ ամրապնդվել, մյուս կողմից՝ 1 քայլ հետ է անում և վերադառնում իրականություն»։
Ստեփանյանը վստահ է՝ «միջանցքի» թեման Ալիևը Ռուսաստան կատարած իր վերջին այցի ընթացքում քննարկել է ՌԴ նախագահ Պուտինի հետ։ Քաղաքագետը համոզված է՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն առ ոչինչ է։ Եթե մենք հրաժարվենք մեր ստորագրությունից՝ ոչինչ տեղի չի ունենա։ Ալիևը չի հարձակվում Հայաստանի վրա, քանի որ Արևմուտքից նրան թույլ չեն տալիս։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ