Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Հանձնաժողովների այսօրվա հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությամբ Սահմանազատման գործընթացի հիմք կլինի 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը: Թերեւս բոլորը գիտեն, որ Ադրբեջանը տեւական ժամանակ չէր համաձայնում սրան:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում փաստել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

«Հաջորդը, որոշված հատվածներում սահմանազատման գործընթացը Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու պայմանավորվածությունն է, այսինքն ՝ ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզների հիման վրա:

Կրկին, փաստենք, որ այս կետը եւս գրավոր կերպով Ադրբեջանը չէր համաձայնում արձանագրել:

Այսպիսով, ինչ է սա տալու Հայաստանին հարցը ունի անառարկելի դրական պատասխան. սահմանազատված պետական սահման Ադրբեջանի հետ:

Եվ վերջում, թերեւս, ավելորդ անգամ, բայց արձանագրենք. գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ ուղիղ նշվում են գյուղերի անունները փակագծում հայկական գյուղերի կողքը ՀՀ, ադրբեջանականը՝ ԱՀ նշումով:
Ձեւակերպված պայմանավորվածությունների տրամաբանության կյանքի կոչումը կբերի խաղաղություն եւ կայունություն ոչ միայն մեր սահմաններին, այլեւ ողջ տարածաշրջանում»,- հավելել է պատգամավորը:

Ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, որ պաշտոնապես սկսվում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը:

Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) — Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) — Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) — Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) — Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ