Տավուշյան ակցիաների առաջնորդությունը ստանձնած Բագրատ արք. Գալստանյանը երկքաղաքացի է. Նախկին ռեժիմը խաղարկում է «Մավր» օպերացիան

Տավուշում սահմանազատման դեմ իրականացվող բողոքի ակցիաները Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի ղեկավարը համեմատել էր նոր «Ավարայրի ճակատամարտ»-ի հետ, այդ քաղաքական ակցիաները առաջնորդող Բագրատ արք. Գալստանյանին էլ՝ այդ ճակատամարտում կրած «բարոյական հաղթանակը» առաջնորդած սուբյեկտներից մեկի՝ «Ղևոնդ երեցի» հետ։ Խորհրդանշական համեմատություն է, ինչ խոսք, սակայն հենց նմանատիպ ճակատամարտերն ու դրանցում հայկական կողմի տանելիք կեղծ, ջախջախիչ, բայց «բարոյական» հաղթանակների կրկնությունը բացառելու համար է, որ ՀՀ իշխանությունները մտադիր են իրականացնել սահմանազատում և ստանալ ապառազմականացված սահման։ Այս օրերին հատկապես քաղաքական քննարկումների օրակարգում է հարցը՝ արդյոք Բագրատ արք. Գալստանյանը քաղաքական հավակնություններ ունի՞ և կարո՞ղ է դառնալ ընդդիմության կողմից առաջադրվելիք «վարչապետի միասնական թեկնածուն»՝ գործող վարչապետի դեմ անվստահության գործընթաց նախաձեռնելու պարագայում։ Տավուշի թեմի առաջնորդը, սակայն, չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին, քանի որ, ըստ մեզ հասած հավաստի տեղեկության, նա երկքաղաքացի է՝ ունի ՀՀ և Կանադայի քաղաքացիություն: Մինչդեռ ՀՀ Սահմանադրությունը վարչապետի թեկնածուի դեպքում երկքաղաքացիություն չի նախատեսում։ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար պարտադիր պահանջ է, որ թեկնածուն վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի լինի։ Բագրատ Գալստանյանը Կանադայի քաղաքացիությունն ստացել է Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմակալ առաջնորդ դառնալու տարիներին՝ սկսած 2003 թ. մայիսից մինչև 2013-ը։ 10 տարի ղեկավարելով հիշյալ թեմը՝ սրբազանը Հայաստան է վերադարձել 2013-ին։ Նախքան Կանադա մեկնելը Ս. Բագրատ վրդ. Գալստանյանը Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահն էր։ 1995թ. հունիսի 23-ին ձեռամբ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

Ստեղծված իրավիճակում Բագրատ արք. Գալստանյանը, որն, ի դեպ, սկսած 2020 թվականից արդեն իսկ քաղաքականության մեջ է, կարող է, այսպես կոչված, «Մավրի» առաքելություն իրականացնել՝ գեներացնել քաղաքական գործընթացներ, մարդկանց ներշնչել, որ հանուն հայրենիքի նահատակությունը շնորհ է և անմահանալու երաշխիք, ապա «փորձության ժամին» լքել ասպարեզը՝ որպես «ռևանշիստ» ասպարեզը տրամադրելով քաղաքական հայտնի ռևանշիստներին։ Նկատենք, որ եկեղեցու ներկայացուցչին քաղաքական պաշտոնում առաջադրելու թեման առաջին անգամ հրապարակ նետեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երբ 2022-ին ԱԺ-ն պետք է ՀՀ նախագահ ընտրեր։ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվող թեկնածուներից լավագույն տարբերակը Հայ Առաքելական Եկեղեցու հարգանքը վայելող որևէ սրբազան կլիներ՝ 2022-ի փետրվարին կայացած ասուլիսում հայտարարել էր Քոչարյանը։ «Եթե մենք ուզում ենք ունենալ անաչառ և ազգային շահերով առաջնորդվող նախագահ, լավագույն տարբերակը կլիներ, այս պահին, երբ մեր ազգը բևեռացված է, երբ ուղղակի մարդ է պետք, որ կկարողանա ինչ-որ տեղ կամուրջներ փնտրել և փորձել միավորել մեր ազգին, պետք է փորձի մեր վտանգված ինքնությունը ինչ-որ տեղ պահպանել։ Այս առումով լավագույն տարբերակը Հայ Առաքելական Եկեղեցու որևէ հարգանք վայելող սրբազանը կլինի։ Հենց այս օրհասական պահին նման թեկնածուն կլիներ լավագույնը։ Այդպիսի մարդիկ կան՝ հարգանք վայելող և ազգային շահերով առաջնորդվող։ Սա համարեք առաջարկ, և այս առաջարկի շուրջ հնարավոր է պայմանավորվել։ Այստեղ կլինի երկու հանգամանք՝ և՛ մարդ, և՛ ազգային ինստիտուտ»,- հայտարարել էր Քոչարյանը։ Հիշեցնենք, որ երբ Քոչարյանը կալանավորված էր «Մարտի 1»-ի քրեական գործով, Մայր Աթոռը հանդես եկավ նրան կալանքից ազատելու մասին հայտարարությամբ։

Քոչարյանի գլխավորած «Հայաստան» խմբակցությունում էլ եկեղեցին ներկայացված էր ի դեմս նախկին նախագահի՝ կալանավոր եղած շրջանի (գուցե նաև՝ ներկայիս) բժիշկ Արմեն Չարչյանի, որը ամիսներ առաջ վայր դրեց մանդատը՝ հնարավորություն ստեղծելով Լևոն Քոչարյանի պատգամավոր դառնալու համար, ապա «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ միակ բաժնետեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որոշմամբ կրկին ստանձնեց ԲԿ-ի տնօրենի պաշտոնը։ Ի դեպ, դոկտոր Չարչյանը իր երբեմնի (գուցե նաև գործող) բուժառուի վերոհիշյալ առաջարկի վերաբերյալ ժամանակին հայտարարել էր՝ դարեր շարունակ, երբ մենք չենք ունեցել պետականություն, եկեղեցին է, որ փաստացի ղեկավարել և առաջնորդել է երկիրը։ Ապա հավելել էր, որ պատմությունն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ հոգևորականը ստանձնել է երկրի նախագահի ղեկը։ «Խոսքը Մակարիոս Երրորդի մասին է (Միքայել Խրիստոդուլոս Մուսկոս), որը եղել է Կիպրոսի Հանրապետության առաջին նախագահը: Բարձրագույն աստվածաբանական կրթությամբ Մակարիոսը, որը 1950 թվականի հոկտեմբերին ժողովրդական քվեարկությամբ ընտրվել էր Կիպրոսի արքեպիսկոպոս և էթնարխիս (ժողովրդի առաջնորդ), գլխավորելով կիպրական եկեղեցին, մեծ պայքար է տարել Կիպրոսի ազատության համար։ 1959 թվականի դեկտեմբերին, երբ տեղի ունեցան Կիպրոսում առաջին նախագահական ընտրությունները, արքեպիսկոպոս Մակարիոս Երրորդը մասնակցեց և ընտրվեց Կիպրոսի առաջին նախագահ։ Նրա պաշտոնավարման շրջանում հրահրվեցին զինված բախումներ թուրք և հույն բնակչության միջև։ Նա արեց ամեն ինչ Կիպրոսում մթնոլորտը թուլացնելու համար, չխանգարեցին նաև իր դեմ մի քանի մահափորձերը։ 1974 թվականի հուլիսի 15-ին պետական հեղաշրջման արդյունքում գահընկեց արվեց, ստիպված եղավ գաղթել Լոնդոն, բայց 1975-ին վերադարձավ Կիպրոս և նորից ստանձնեց նախագահությունը՝ կառավարելով արդեն հունական հատվածը մինչև մահ (1977թ.):

Հանրության շրջանում այնպիսի հարգանք էր վայելում, որ նրա գլխավորած կոալիցիան 1976թ. ընտրություններում ստացավ խորհրդարանում բոլոր տեղերը։ Նա միավորել էր լիբերալներին, կոմունիստներին և սոցիալ-դեմոկրատներին։ Նա լեզու գտավ կոմունիստների հետ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում՝ ԽՍՀՄ և դաշնակիցներ, որոնց օգնության համար դիմում էր Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ժամանակ»,- պատմական ակնարկ էր արել Չարչյանը և ամփոփելով խոսքը՝ նկատել. «Ռոբերտ Քոչարյանի առաջարկը՝ եկեղեցու ներկայացուցչի ընտրել ՀՀ նախագահի պաշտոնում, հանրության բաժանված հատվածները միավորելու լավ ճանապարհ կարող է լինել։ Սա, ի դեպ, բնավ չի նշանակում, որ երկրի կառավարման ղեկը ստանձնում է եկեղեցին։ Ոչ, ստանձնում է ՀՀ քաղաքացի, որը հոգևորական է։ Հենց հոգևորականը կարող է ստանձնել այս անցումային-ճգնաժամային փուլում միավորողի դերը»։

Թե ինչ օպերացիա է փորձում իրականացնել ռևանշիստների ճամբարը Տավուշում՝ կարելի է ենթադրել. սա ոչ թե պայքար է Տավուշի «գյուղերի հանձնման» դեմ, այլ՝ հանուն իշխանափոխության՝ «թեժ կետի» վերածված Տավուշի անունը շահադիտորեն հոլովելով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ