Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Խաղաղ ցույց անելու իրավունք Հայաստանում բոլորն ունեն, սակայն պետք է պարզ լինի, որ ոչ ոք իրավունք չունի խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսած սահմանազատման գործընթացը Տավուշում»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Կիրանցի իրադարձություններին:

«Ոստիկանությունը գուցե մի փոքր չափազանցրել է իրավիճակը ու շատ սահմանափակումներ կիրառել, միևնույն ժամանակ ոստիկանությունը պետք է ապահովեր սահմանազատման աշխատանքների անվտանգությունը, որպեսզի այդ գործողությունը ընթանա բնականոն հունով։ Ամեն դեպքում Հայաստանը պետություն է, և պետք է հասկանալ, որ մի խումբ քաղաքացիներ չեն կարող որոշել, որ խանգարելու են սահմանազատման գործընթացը»,- ասում է նա։

Վերջինս նկատում է՝ ակցիայի մասնակիցները բազմաթիվ անգամներ են հայտարարել, որ իրենց նպատակը սահմանազատման պրոցեսները տապալելն է, սակայն պետք է հասկանալ նաև, թե կոնկրետ որ ուժն է ուզում պատերազմ հրահրել Հայաստանի դեմ:

«Այնտեղ տարբեր մարդիկ ու տարբեր շրջանակներ կան․ եթե խոսում ենք գյուղերի բնակիչների մասին, ապա նրանց մտահոգությունները բնական են: Ինչ վերաբերում է ռուսամետ ուժերին, հատկապես՝ Դաշնակցությանը, ապա նրանք ուզում են պատերազմ հրահրել, կա նաև մի խումբ, որը ոչ մի կապ չունի ՌԴ-ի և Դաշնակցության հետ, սակայն էլի դեմ է սահմանազատմանը»,- նկատում է նա:

Իոաննիսյանի խոսքով՝ այս ուժերի գործողությունները միտված են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելուն:

Մերի Խաչատրյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ