Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին.մանրամասներ

Երևանի քաղաքապետարանի փողոցային առևտրի դեմ պայքարը շարունակվում է. քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ ոստիկանների հետ շրջում են Երևանի տարբեր փողոցներով և առգրավվում փողոցում առևտրականների ապրանքը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայություն պետ Արամ Գյուրզադյանը, որը համակարգում է այս աշխատանքները, լրագրողների հետ զրույցում ասաց՝ օրենքն է այդպես պահանջում:

«Վարչական իրավախախտումների օրենսգիրքը նախատեսում է, որ փողոցային առևտուրն արգելված է: Ապրանքն առգրավում ենք, այն տարվում է հատուկ վայր»,- նշեց նա:

Գյուրզադյանը նաև նկատեց՝ Մաշտոցի պողոտան առևտրի վայր չէ, Երևանում շուկաներ կան, և այդ առևտրականներին բազմիցս զգուշացրել են, որ շուկաներում իրականացնեն առևտուրը:

«Կոնկրետ այս անձանց երևի մի 100-ից ավելի անգամ զգուշացրել ենք, որ մի իրականացրեք, չի թույլատրվում: Ամեն անգամ սենց պրոբլեմ են սարքում, կռիվ են սարքում, միջամտում է ոստիկանությունը, արձանագրություն ենք կազմում, բայց կոնկրետ այս մարդիկ սնանկ են, այդ արձանագրությունն էլ չի ազդում իրենց վրա»,- նշեց նա:

Ըստ քաղաքային իշխանության ներկայացուցչի՝ քաղաքապետարանը նաև այլ աշխատանք է առաջարկում նրանց, օրինակ Կանաչապատում ՀՈԱԿ-ում, որտեղ աշխատավարձը 200 հազարից բարձր է:

Առևտրականը, որի ապրանքը ևս առգրավվել էին, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց առաջարկում են գնալ, շուկաներում առևտուր իրականացնել, իսկ իրենք Կենտրոնում բացօթյա տարածք են ուզում: «Թեկուզ այս գետնանցումը, թողել են, բոմժերը տուալետ են սարքել, իրենք էլ մաքրել են, չարչարվել, վերանորոգել: Մի քանի հոգու տեղ տան վճարովի, կանգնենք, մենք չենք ասում՝ ձրի»,- ասաց առևտրականը:

Մեկ այլ առևտրական էլ ասաց, որ թեև առողջական խնդիրներին, շարունակում է զբաղվել առևտրով, որովհետև սա է իր ապրուստի միակ միջոցը, անչափահաս երեխաներ է պահում. «Գնացել եմ բժշկի, ասել է՝ դուք այդ գործը ընդհանրապես չպիտի անեք, ալերգիա ունեմ, բայց ես ոչ մի ապրելու միջոց չունեմ, երեք անչափահաս երեխա եմ պահում, մեռնեմ էլ՝ պիտի կարողանամ ընտանիքս պահել: Ես իրենց էլ չեմ մեղադրում, բայց ես չեմ կարում ապրեմ: Ասում են՝ գնացեք Գումի շուկա, Դավիթաշենի շուկա, Մեյմանդարի բիրիքանոց, բայց ես Մեյմանդարի տեղը չգիտեմ, Գում էլ ոչ մի հաճախորդ չունեմ, ստեղ եմ ծնվել մեծացել, ստեղ եմ սովոր»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ