ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի նախագծին։

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացնելով նախագիծը ընդգծեց՝ ի տարբերություն ոստիկանության զորքերի, գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում, որը զուգակցվելու է արտաքին և ներքին անվտանգության սպասարկումով։

«Պետք փաստել, որ օրենսդրական ձևակերպումներում թողել ենք այնպիսի լիազորություններ պետության պաշտպանությանը միտված, որը առավելագույնս կօժանդակի այդ ֆունկցիայի սպասարկմանը և միտված կլինի ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացման։ Գվարդիայի առջև դրվելու են այլ խնդիրներ՝ հասարակական կարգի անվտանգության ապահովում, պետական պահպանության ենթակա օբյեկտների պաշտպանություն, հատուկ բեռների տեղափոխում և այլն։ Գվարդիան չի հանդիսանալու որևէ ոստիկանական ստորաբաժանման իրավահաջորդը, այլ ձևավորվելու է ոստիկանության զորքերից, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունից, ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումից, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում առկա հատուկ ստորաբաժանումներից և քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ գվարդիան կլինի ոստիկանության կառավարման ստորաբաժանում, լինելու է ոստիկանապետի ընդհանուր ղեկավարում, ոստիկանության գվարդիայի անմիջական ղեկավարում։ Հանրապետության երեք հատվածներում կլինի հասարակական կարգ ու անվտանգությունը ապահովող ստորաբաժանումներ։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները ունենալու են նաև սոցիալական երաշխիքներ։

«Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծով սահմանվում են ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները, գվարդիայի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները`ներառյալ նրանց կողմից ուժային միջոցներ կիրառելու դեպքերը, հիմքերը և համաչափության պայմանները, ինչպես նաև ոստիկանության գվարդիայի ծառայողների պատրաստման և վերապատրաստման առանձնահատկությունները։

«Ոստիկանության գվարդիան կգործի բացառապես քաղաքացիական կառավարման և խորհրդարանական վերահսկողության ներքո»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։

Ոստիկանության գվարդիան կունենա անմիջական ենթակայության տարածքային ստորաբաժանումներ առնվազն ՀՀ երեք մարզերում (Լոռի, Շիրակ, Սյունիք, որոնք անհրաժեշտության դեպքում կսպասարկեն նաև հարակից մարզերը), ինչպես նաև պետական պահպանության և քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումներ (Երևանում և մարզերում):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ