Երբ աչք ենք փակում երեխայի պատշաճ կրթություն ստանալու իրավունքի վրա, նրան 90 %-ով դատապարտում ենք աղքատության. Վարչապետ

Հայաստանում նման փորձ կա, երբ կառավարության քաղաքականությունների հետևողականության վերաբերյալ ամուր ընկալում չկա: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ քննարկվում էր «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Նա նշեց, որ պետք է երկար մտածել որոշումներ կայացնելիս, բայց երբ կայացնում են, ապա որոշումները պետք է իրագործվեն: «Այս քաղաքականությունները նաև ուսուցիչների համար են և ովքեր կամավոր ատեստավորում կանցնեն, նաև աշխատավարձի էական բարձրացում կունենան: Այս քաղաքականությունը նրա համար չէ, որ մենք մարդկանց դուրս թողնենք համակարգից, ընդհակառակը, նպատակն է նրանց ինստիտուցիոնալ ներգրավումը ապահովենք»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր համոզմունքն է, որ այսօրվա կրթության մակարդակը կանխորոշում է, թե այդ աշակերտը հասուն տարիքում բարեկեցության ինչ մակարդակ է ունենալու: Ըստ վարչապետի ևս մեկ համոզման՝ աղքատություն երևույթի խորքային պատճառը կրթության որևէ օղակում նրանց չստացած ծառայություններն են, ուրիշ պատճառ չկա:

«Երբ այսօր աչք ենք փակում երեխայի պատշաճ կրթություն ստանալու իրավունքի վրա, նրան 90 տոկոսով դատապարտում ենք աղքատության»,-ասաց նա և հայտնեց իր զարմանքը այն փաստից, որ մեր հանրապետությունում կան ուսուցիչներ, որոնք 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ