Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել էր օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոկում անդրադարձել է հիշատակի օր սահմանելու նախագծին և գրել․

«Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է իր ազգային օրացույցում։

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի 1915թ. նահատակության»։

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին նաև նշել է, որ հպարտ է պատմական այս օրը Ֆրանսիան Ազգային ժողովի դահլիճում ներկայացնելու համար։

2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տեղի են ունեցել հարձակումներ եզդիներով բնակեցված Իրաքի Սինջար քաղաքի վրա, որտեղ սպանվել է ավելի քան երեք հազար մարդ:

Սովի, ծարավի և անտանելի շոգի հետևանքով մահացել է լեռներում ապաստան գտած մոտ հազար մարդ, ավելի քան 200 հազար եզդիներ դարձել են փախստական, առևանգվել են 13-ից 56 տարեկան շուրջ 5000 կանայք և աղջիկներ: Վերջիններիս կյանքի պահպանման նախապայման է եղել իսլամի ընդունումը և ամուսնությունը ջիհադիստների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ