Մեկ տարբերակ կա, որով հնարավոր է Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ. Արմինե Մարգարյանը մանրամասնել է

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ:

— Տիկին Մարգարյան, այս տարվա սկզբից Ադրբեջանն արդեն մի քանի անգամ զորավարժություններ է արել, կարծես թե առաջիկայում ևս պատրասվում է: Սա ի՞նչ նպատակ կարող է ունենալ ու ի՞նչ սպառնալիքներ պարունակել:

— Ամեն անգամ, երբ բանակցային գործընթացը մտնում է փակուղի, կամ Հայաստանի շուրջ տեղի են ունենում կարևոր զարգացումներ, Ադրբեջանն անմիջապես զորավարժություններ է անցկացնում՝ մի կողմից ցուցադրելու համար իր ուժը և մյուս կողմից ազդակ հղելու առ այն, որ պատրաստ է խնդիրները լուծել ուժային ճանապարհով: Ինչպիսի՞ ռիսկեր է սա պարունակում. բոլոր ռիսկերը բխում են Ադրբեջանի՝ Հայաստանը կլանելուն միտված ռազմավարությունից: Հետևաբար, Ադրբեջանը երբեք առիթը բաց չի թողնի ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրմամբ իր համար առավելագույնը ստանալու համար:

— Մենք կարո՞ղ ենք ենթադրել, որ պատրաստվում է պատերազմի:

— Ադրբեջանը միշտ է պատրաստվում պատերազմի: Մարտավարությունը նույնն է՝ փորձում է ուժ գործադրելու համար ձևավորել թվացյալ լեգիտիմություն և, եթե հաջողում է, ապա դիմում է ռազմական միջոցների: Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, ես գրեթե զրոյկան եմ համարում հավանականությունը, որ Ադրբեջանը կդիմի լայնածավալ ռամզական գործողությունների: Ինչո՞ւ, որովհետև նախ Բաքվում այս տարի անցկացվելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29»), իսկ ուժի կիրառումը կարող է հանգեցնել COP29-ի չեղարկելուն:

Երկրորդը՝ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում անչափ կարևոր կանխարգելիչ գործոն է:

Երրորդը՝ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանի շուրջ, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացումը, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարի ձևավորումը, ապրիլի 5-ի եռակողմ ձևաչափով գագաթնաժողովի արդյունքները ցույց են տալիս, որ Արևմուտքը այլևս որդեգրել է ՀՀ-ի հետ հարաբերությունների խորացումը ՀՀ-Ադրբեջան խաղաղ բանակցային գործընթացի հեռանկարներից տարանջքատելու քաղաքականություն: Այլ բառերով՝ անկախ նրանից ինչպիսի ընթացք կունենա խաղաղության գործընթացը Հայստան-Արևմուտք հարաբերությունները համակարգային զարգացման ճանապարհով են գնալու: Այս պարագայում լայնածավալ ռազմական գորոցությունները մարսլու համար Ադրբեջանին դժվար է լինելու լեգիտիմություն ձևավորել:

Միևնույն ժամանակ, ընդգծեմ, որ մեր արևմտյան գործընկերները շատ մեծ անելիք ունեն: Անհրաժեշտ է ապրիլի 5-ի հանդիպումից հետո հանդես գալ Հայաստան-Ադրնեջան բարձր և բարձրագույն մակարդակի բանակցություններ կազմակերպելու առաջարկներով: Չէ՞ որ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի ժամանակ, վերջինս ընդգծել է, որ հավատարիմ է Ալմաթիի հռչակագրին:

— Ըստ Ձեզ՝ ո՞րը պետք է լինի Արևմուտքի այն գործուն միջամտությունը, որի պարագայում Ադրբեջանը կգնա խաղաղության:

— Իմ խորին համոզմամբ՝ ընդամենը մեկ տարբերակ կա, որով հնարավոր է Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ. դա Հայաստանի դիմադրողունակության ամրապնդումն է, տնտեսության, անվտաբգային համակարգի և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային աջակցելը: Եթե ամրապնդվեն Հայաստանի անվտանգային տարբեր կոմպոնենտները, եթե խորանան տարատեսակ ուժային կենտռրոնների հետ միջպետական հարաբերությունները՝ Հայաստանն այլևս հարմարավետ չի լինի Ադրբեջանի համար ուժ կիրառելու առումով: Հետևաբար, Ադրբեջանը ստիպվախ կլինի վերադառնալ բանակցային գործընթաց և դրսևորել քիչ թե շատ կառուցողականություն:

— Կան պնդումներ, որ Արևմուտքի գործուն քայլերը տեսնելու համար Հայաստանը որոշակի «տնային աշխատանք» պետք է կատարի: Ո՞րն է այդ աշխատանքը:

— Տնային աշխատանքը պետք է լինի շարունակական: Միևնույն ժամանակ, վիզայի ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը կարող է զուգորդվել վիզայի ազատականցման համար անհրաժեշտ ներքին ռեֆորմների իրականացման հետ: Հայաստանն էլ իր հերթին պետք է հետևողականորեն ապացուցի, որ հաստատուն քայլերով գնում է դեպի ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհով:

— Տավուշի հատվածում գտնվող, սակայն Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական 4 գյուղերի մասով ակտիվացած խոսույթը կարո՞ղ է դառնալ լեգիտիմ պատճառ՝ ՀՀ-ի վրա հարձակվելու համար:

— Իհարկե, կարող է: Իրականում այս 4 գյուղերի խոսույթը կարող է կառուցողական հանգուցալուծում ունենալ այն դեպքում, եթե Ադրբեջանը գա բանակցային դաշտ, և հայելային կերպով կողմերը դելիմիտացիայի գործընթաց սկսեն՝ Ալամաթիի հռչակագիրն ընդունելով որպես քաղաքական հիմք: Բայց քանի որ Ադրբեջանի ռազմավարությունը առավելապաշտական է, մոտ ապագայում քիչ հավանական եմ համարում, դեպքերի նման զարգացման հնարավորությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ