«ԵՄ–ն չի ասում՝ եթե ուզում եք մեզնից ավելին ստանալ, պետք է ազատվեք ռուսներից»․ Ստանո

Հայաստանի համար սահմանված տնային աշխատանքն ավելի շատ բարեփոխումները շարունակելու իմաստով էր։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն:

«Մենք խոսում ենք Հայաստանը քաղաքական և տնտեսական առումով ԵՄ-ը մոտեցնելու մասին։ Եվ դա ներառում է, իհարկե, բարեփոխումների վրա աշխատանք՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում և բարեփոխում, իհարկե, անհրաժեշտ տնտեսական բարեփոխումներ, օրենքի գերակայության ապահովում, կոռուպցիայի դեմ պայքար։ Եվ այս հարցում Հայաստանը հսկայական աշխատանք է կատարել։ Սա գնահատվեց այսօր և շարունակում է գնահատվել: Բայց, իհարկե, կան խնդիրներ, որոնք դեռ պետք է բարելավվեն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ ձեր հարաբերություններին, ԵՄ-ն այն դերակատարը չէ, որ ասի՝ եթե ուզում եք աշխատել մեզ հետ, պետք է հրաժարվեք բոլոր մյուս գործընկերներից: Մենք կողմ ենք ներառական համագործակցությանը։ Եթե կարծում եք, որ ձեր շահերից ելնելով կարևոր է, կամ՝ լավ է, կամ՝ ձեռնտու է Ռուսաստանի հետ ինչ-որ համագործակցություն ունենալը, կարող եք դա ունենալ, եթե այն չի հակասում ԵՄ քաղաքականությանը, օրինակ՝ մեր պատժամիջոցների քաղաքականությանը: Այսպիսով, եթե դուք ավելի սերտ կապեր եք զարգացնում ԵՄ-ի հետ, դա չի նշանակում, որ պետք է կրճատեք ձեր կապերը որևէ այլ գործընկերոջ հետ: Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դա ձեր ինքնիշխան որոշումն է: Մենք չենք ասում՝ եթե ուզում եք մեզնից ավելին ստանալ, պետք է ազատվեք ռուսներից։ ԵՄ-ն այդպես չի աշխատում»։

Նա նշել է, որ ԵՄ–ն չի կարող Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում գլխավոր դերը ստանձնել․ «Մենք կարող ենք օժանդակ դեր խաղալ այլ գործընկերների հետ՝ ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի հետ, եթե կուզեք, քանի որ խոսքը միջազգային իրավունքի հարգման մասին է։

Մենք ոչ թե լծակ ենք գործադրում, ոչ թե պարտադրանք՝ ինչ-որ մեկին ստիպելու ինչ-որ բան անել, այլ առաջարկում ենք մեր ծառայությունները, մեր լավագույն փորձը և մեր լավ մտադրությունները՝ օգնելու կողմերին լուծում գտնել։ Վերջ ի վերջո, կրկին ընդգծեմ՝ Ադրբեջանն ու Հայաստանն է, որ պետք է պայմանավորվեն։ Եվրամիությունը նույն դիրքորոշումն ունի ամբողջ աշխարհում: Եթե մենք մի փոքր հեռանանք և դա դիտարկենք ավելի լայն տեսանկյունից, ապա Եվրամիությունը նպաստում է Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունների կարգավորմանը, որ շարունակվում է ավելի քան 10 տարի, և այս երկրները շատ ավելի մոտ են Եվրամիությանը։ Մենք հեշտացնում ենք գործընթացը, բայց չենք կարող ստիպել նրանց լուծում գտնել, քանի դեռ նրանք չեն տեսնում, որ այս լուծումը երկուսի համար էլ լավ փոխզիջում է։ Նույնն է Իսրայելի և Պաղեստինի դեպքում։ Այնտեղ շատ երկար ժամանակ կարգավորման գործընթաց է եղել, բայց քանի դեռ երկու կողմերը պատրաստ չեն, ուրիշ ոչ ոք չի կարող լուծում պարտադրել։

Մենք երկրներին և գործընկերներին ինչ-որ բան պարտադրելու գործով չենք զբաղվում։ Մենք շեշտում ենք միջազգային իրավունքը հարգելու անհրաժեշտությունը։ Մենք շեշտում ենք հաշտության, բարիդրացիական հարաբերությունների անհրաժեշտությունը, քանի որ դրանք քաղաքակիրթ կյանքի սկզբունքներն են։ ԵՄ-ում մենք ապրում ենք 21-րդ դարում, իսկ 21-րդ դարում հարցերը լուծում են քննարկումների միջոցով, ոչ թե ուժով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ