ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակոցները խաղաղ բնակչությանն ահաբեկելու նպատակ ունեն․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ապրիլի 6-ին ահազանգեր են ստացվել Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակոցներ արձակելու առնչությամբ։

Պաշտպանի աշխատակազմը մշտադիտարկում և փաստերի հավաքագրում է իրականացնում։ Այս պահին ստացված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ` տներ, գերեզմանաքարեր, քաղաքացիական մեքենա:

«ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ։

Պաշտպանն ընդգծում է, որ այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնաչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով Տավուշի մարզի Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ