Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

«Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի սադրիչ գործողություններն արդարացում չունեն: Սահմանի բազմաթիվ հատվածներում անկանոն կրակահերթեր բացելով, մի քանի տասնյակ զինվորական ավտոմեքենաների շարժերով Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ. Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումներին դրդել համանման հակադարձ գործողությունների, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար:

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները:

Չարդարացված ենք համարում նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում պաշտպանական կառույցների ստեղծման վերաբերյալ Ադրբեջանի գնահատականները, քանի որ բանակի և բանակային ենթակառուցվածքների բարեփոխումները ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:

Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմների ներդրման, չհարձակման պայմանագիր կնքելու, պետական սահմանին հարակից տարածքներն ապառազմականացնելու Հայաստանի Հանրապետության առաջարկները Ադրբեջանի կողմից շարունակում են մնալ անարձագանք:

Անհասկանալի են նաև Հայաստանին ուղղված մեղադրանքները պաշտպանական նպատակներով սպառազինությունների ձեռքբերման առիթով, որովհետև Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունից անգամներով ավել սպառազինություն է ձեռքբերում, ինչի մասին Հայաստանը համապարփակ տեղեկատվություն է ստանում:

Այս առիթով պաշտոնապես վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության նվիրումը խաղաղության օրակարգին, ինչպես նաև դրանից բխող սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմների ստեղծման և երկու երկրների միջև սահմանի հարակից տարածքներն ապառազմականացնելու` Ադրբեջանին ուղղված մեր առաջարկը»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ