Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն հերքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Բաքվի պնդումները:

Պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցների հարցումներին՝ նա «ոչ ճիշտ» է անվանել ապրիլի 5-ին Ժնևում կայանալիք հանդիպման մասին ենթադրությունները:

«Ճիշտ չէ, որ հանդիպումը նվիրված է լինելու անվտանգության երաշխիքներին։ Այն չի անդրադառնա այլ հարցերի, բացի ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հարաբերություններից։ Հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսության կայունության և այդ երկրի հետ երկկողմ համագործակցության վրա», — նշել է Ստանոն։

Նա հավելել է, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կիսում են Հայաստանի և տարածաշրջանի կայուն, խաղաղ, անվտանգ և բարգավաճ ապագային աջակցելու հանձնառությունը:

«Սա հնարավորություն կընձեռի քննարկել Հայաստանի հետ համագործակցության խորացումը՝ ԵՄ-Հայաստան երկկողմ գործընկերության հիման վրա նրա տնտեսության ամրապնդման նպատակով»,- հավելել է Ստանոն։

ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերն էլ, մեկնաբանելով ՌԴ արձագանքը ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը, ասել էր, որ Բրյուսելում սպասվող հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա:

Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպում կունենան՝ քննարկելու Հայաստանի զարգացմանն առնչվող հարցեր։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն էլ հայտնել էր, որ բարձր մակարդակի հանդիպումը միտված է առկա հարաբերությունների զարգացմանը և խորացմանը և կապված չէ երրորդ երկրների հետ։ Ըստ նրա՝ որևէ մեկի դեմ դրա ուղղված լինելու մասին պնդումները անտեղին, անհիմն և արհեստածին են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ