Հանդիպումից ակնկալիքներ կան. Արմեն Պետրոսյանը՝ բրյուսելյան հանդիպման մասին

Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը:

Միացյալ Նահանգների և Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանի ղեկավարի հանդիպման օրակարգի մասին հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Գրիգորյանի խոսքով՝ նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, հանդիպումը նաև Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով է։

Հայաստանի քաղաքագիտական դաշտում այս հանդիպումից ակնկալիքները տարբեր են, թե ինչ արդյունքներ կգրանցվեն, արդյոք կփոխվի տարածաշրջանում ուժային բալանսը և ընդհանուր առմամբ աշխարհաքաղաքական իրավիճակն ինչպիսի ընթացք կստանա, այս և այլ հարցերի շուրջ Zarkerak.am-ը զրուցեց արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ. «Նախ պետք է ասեմ, որ այս հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս հոկտեմբերի սկզբին Գրանադայում, երբ չկայացավ եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում ծրագրված հանդիպումը և փաստաթղթի ստորագրումը ԵՄ ղեկավարի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, որովհետև Ադրբեջանի նախագահը չգնաց և չմասնակցեց հանդիպմանը:

Ակնհայտ դարձավ, որ ԵՄ-ն կամ Արևմուտքը միջնորդական իրենց ջանքերում ձախողվել են՝ չկարողանալով ապահովել Ադրբեջանի կողմից ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Հայաստանի այս եռակողմ ձևաչափի ստեղծումը մեծ հաշվով ես կարող եմ պայմանավորել նաև նրանով, որ հավաքական Արևմուտքը, չկարողանալով իր միջնորդական ջանքերը հետևողականորեն իրականացնել, գնաց նման քայլի՝ փորձելով փոխհատուցել Հայաստանին նրա դրսևորած հետևողականության և կառուցողականության համար: Կարծում եմ, որ այս հանդիպման անհրաժեշտությունն այս տրամաբանության մեջ է»:

Անդրադառնալով հանդիպումից ակնկալիքներին՝ Պետրոսյանն ասաց. «Բուն հանդիպումից ակնկալիքներ կան, բայց ես չեմ ուզում ուռճացված կերպով ներկայացնել, իմ գնահատմամբ խոսքն առավել մեծ ծավալի քաղաքական աջակցության վերահաստատման և նաև տնտեսական փաթեթների առաջարկման ուղղությամբ կարող է լինել, քանի որ չունեմ մեծ ակնկալիքներ, որ այլ ոլորտներում ինչ-որ բովանդակային փոփոխություններ կլինեն, որովհետև այս պահին չի երևում Արևմուտքի կողմից նման դիրքորոշում»:

Մեր այն հարցին, թե հնարավոր է հայկական կողմը հանդիպմանը շրջադարձային հայտարարություններով հանդես գա, օրինակ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու և ԵՄ-ին անդամակացելու մասին հայտարարի՝ արևելագետն ասաց. «Ես չեմ կարծում, որ դրա համար հիմքեր կան, որովհետև ՀՀ-ի դիրքորոշումն ու քայլերն էլ հաշվարկվում են այն իրողություններով ու հնարավորություններով, որոնք կարող է դրսևորել գործընկերային կողմը: Մենք առնվազն ներկայում Արևմուտքի կողմից չենք տեսել ակնհայտ պատրաստակամություն ավելի լայն մասշտաբով կամ նոր ձևաչափերով համագործակցության խորացման համար:

Ես աշխատում եմ մաքսիմալ իրատեսականորեն գնահատել իրավիճակը, այս պահին որևէ հիմք չեմ տեսնում Հայաստանի կողմից միակողմանիորեն ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ կապված, որովհետև առնվազն դրա այլընտրանքային առաջարկի հնարավորությունը չի երևում Արևմուտքի կողմից: ՀԱՊԿ-ից կարելի է դուրս գալ այն դեպքում ենթադրենք, երբ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կառաջարկեն անվտանգային ոլորտում ինչ-որ առանձին ՆԱՏՕ-ից դուրս համագործակցության ձևաչափ, որով նաև կստանձնեն որոշակի պարտավորություններ Հայաստանի անվտանգության ապահովման համար, իսկ գետնի վրա ես նման հնարավորություններ այս պահին չեմ տեսնում»:

Խոսելով հանդիպման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մասին՝ մեր զրուցակիցը նշեց. «ԱՄՆ-ի հայտարարությանն եմ ուզում անդրադառնալ, դա, բնականաբար, ուղիղ կերպով խոսում է այն մասին, թե ինչ կարելի է ակնկալել բրյուսելյան հանդիպումից, այսինքն՝ չի կարելի ակնկալել որևէ համագործակցություն, որը կարող է արմատական կերպով խախտել տարածաշրջանում եղած հավասարակշռությունը: ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ռազմավարական բնույթի քաղաքական ուղղություն է Արևմուտքի համար, ամբողջ տարածաշրջանն է հետաքրքիր Արևմուտքին, այլ ոչ առանձին երկրներ»:

Անդրադառնալով Բաքվից հնչող կոշտ հայտարարություններին՝ բրյուսելյան հանդիպման վերաբերյալ՝ Արմեն Պետրոսյանն ասաց. «Բաքվի արձագանքը շատ բնական է, որովհետև փաստացի նաև Բաքվի նման վարքագծի հետևանքով մենք տեսնում ենք տարածաշրջանային համագործակցությունների բալանսի խախտում, նախկինում միշտ երրորդ դերակատարները, երբ փորձում էին տարածաշրջանում համագործակցություններ սահմանել, աշխատում էին հավասարության սկզբունքը պահպանել, բայց Բաքվի վարքագիծը 2020 թվականից և հատկապես 2023 թվականի Արցախում իրականացրած էթնիկ զտումից հետո նպաստեց նրան, որ այլևս երրորդ դերակատարները ջանքեր չգործադրեն հավասարության սկզբունքը պահպանելու համար, բնական է, որ Բաքուն պետք է իր դժգոհությունները հայտնի:

Ընդհանրապես, մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից բավականաչափ մեծ աղմուկ և տարաբանույթ հայտարարություններ, գործողություններ այն համագործակցությունների հետ կապված, որոնք կարող են ամրապնդել Հայաստանի դիմադրողական ներուժը։ Այսինքն՝ ցանկացած համագործակցություն, արտաքին և անվտանգային քաղաքականության այլընտրանքային ուղղություն՝ բնականաբար առաջացնում է Բաքվի նման արձագանքը և նաև, իհարկե, նոր արտաքին քաղաքական խնդիրներ է առաջացնում Բաքվի համար, օրինակ՝ տեսնում ենք, թե Ադրբեջանի կողմից ինչպիսի ակտիվ ջանքեր են գործադրվում Հայաստան-Հնդկաստան անվտանգային և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության թուլացման ուղղությամբ։ Այսինքն՝ սա շատ բնականոն վարքագիծ է Բաքվի կողմից»:

Իսկ, թե, արդյո՞ք Ադրբեջանը կարող է այս հայտարարություններով հող նախապատրաստել ռազմական էսկալացիայի համար՝ արևելագետը նշեց. «Այդ համագործակցությունը որևէ լեգիտիմ հիմք չի հաղորդում Ադրբեջանին՝ ռազմական էսկալացիա սկսելու համար: Հայաստանի համագործակցությունը որևէ այլ երկրի կամ կազմակերպության հետ, չի կարող որևէ կերպ ագրեսիայի հիմք հանդիսանալ»:

Պետրոսյանի խոսքով՝ ՌԴ-ի արձագանքը ևս սպասելի էր. «Ռուսաստանի դեպքում էլ արձագանքը շատ կանխատեսելի էր, նրանք էլ հարցը գնահատում են իրենց տեսանկյունից, այսինքն՝ մասնավորապես այն, որ Արևմուտքը փորձում է օգտվել տարածաշրջանային իրավիճակից, Հայաստանի քաղաքականությունից և ազդել Ռուսաստան-Հայաստան դաշնակցային հարաբերությունների վրա՝ նպատակ ունենալով թուլացնել Ռուսաստանի ազդեցությունն ամբողջ տարածաշրջանում»:

Արմեն Պետրոսյանը խոսեց նաև Արևմուտքից և ՌԴ-ից միմյանց հասցեին հնչող ագրեսիվ հայտարարությունների մասին. «Նախ և առաջ այդ փոխադարձ հռետորաբանական գզվռտոցն Արևմուտք-Ռուսաստան լարվածության համատեքստում է և այն դրսևորվում է բոլոր հնարավոր տարածաշրջաններում, որտեղ կա մրցակցություն մի կողմից ԱՄՆ-ի, ԵՄ-ի, մյուս կողմից ՌԴ-ի միջև: Բացի այդ մրցակցությունը, մենք տեսնում ենք նաև ռազմավարական քայլերի եղանակով սեփական ազդեցության մեծացման փորձեր, ինչպես օրինակ՝ մեր տարածաշրջանում Հայաստանի հետ համագործակցության համատեքստում նկատվող մրցակցությունն է Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Առայժմ, այդ մրցակցությունը վերահսկելիության տիրույթում է, բայց, իհարկե, չի բացառվում, որ կարող է ավելի սրվել և առաջացնել համապատասխան խնդիրներ»:

Ամփոփելով՝ արևելագետը նշեց, որ տարածաշրջանային հարցերի շուրջ պետությունների քայլերը կախված կլինեն տվյալ պահին տիրող իրավիճակից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ