Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Վերջերս, անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում և պետական հատուկ ծառայությունների անվան տակ այցեր է կատարում Շիրակի մարզի տարբեր համայնքներ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ նշելով, որ ինքնակոչների խումբը ուսումնասիրություն է կատարում տարբեր` շինարարական, հակահրդեհային, անվտանգային, բուժ օգնության և սպասարկման, կրթության ոլորտների աշխատանքների ընթացքի վերաբերյալ, դիտողություններ է անում պետական համակարգի աշխատակիցներին այս կամ այն թերացումների համար, հիվանդանոցներ է մուտք գործում առանց համապատասխան հանդերձանքի և բախիլների, նկարահանում է նոր վիրահատված կամ բուժում ստացող բուժառուներին, մտնում է դպրոց, նկարում դպրոցականներին` առանց ծնողների թույլտվության, մտնում է մանկապարտեզներ, կեղտոտ ձեռքերով կպնում է իրերին, որոնք երեխաներն են հետո ձեռք տալու և շատ հնարավոր է վարակի աղբյուր հանդիսանա երեխաների համար, նկարում երեխաների քնասենյակը:

Պատգամավորը տեղեկացննում է, որ վերոգրյալ խմբավորման անդամները պետական որևէ պաշտոն չեն զբաղեցնում, կուսակցական պատկանելիությունը դեռ հայտնի չէ և չունեն որևէ լիազորություն նմանատիպ ստուգումեր իրականացնելու, դիտողություններ անելու, սպառնալիքներ հնչեցնելու պետական կամ համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին։

«Նշեմ նաև, որ վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար կան գերատեսչություններ, որոնք ունեն համապատասխան լիազորություններ` հարկ եղած դեպքում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար։

Վերոնշյալ կազմակերպության անդամները իրենց այցերի ժամանակ չեն ներկայանում որպես հասարակական կազմակերպություն` փորձ անելով պետական կառավարման հատուկ մարմինների անվան տակ թելադրողի դիրքում հանդես գալ և հրամաններ արձակել, մինչդեռ հասարակական կազմակերպությունների մասին օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետով հստակ արգելվում է կազմակերպության այնպիսի անվանման օգտագործում, որը նույնական է պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներին։

Այս անձինք, հատուկ ընտրելով հասարակական կազմակերպության այնպիսի անվանում, որը հանրության մոտ նույնականացվելու է պետական հատուկ ծառայության հետ, փորձում են ինքնահաստատվել` անգործության մեջ մեղադրելով պետական գերատեսչություններին։

Կարծում եմ այստեղ անելիք ունեն նաև ուժային կառույցները։

Ու վերջում.

Սիրելի Շիրակցիներ,

Խնդրում եմ չտրվե՜լ այդ ինքնակոչների սադրանքներին։ Նմանատիպ այցերի ժամանակ պահանջե՜ք, որ պատշաճ ներկայանան, եթե ներկայանում են որպես հասարակական կազմակերպություն` պահանջե՜ք ներկայացնեն այն հիմքերը, որով կարող են այց կատարել տվյալ հաստատություն, պարզե՜ք, արդյո՞ք իրենց հասարակական կազմակերպությունն ունի այդ ամենն իրականացնելու լիազորություն, մի՜ շփոթեք նրանց պետական հատուկ ծառայությունների հետ։

Եղե՜ք իրազեկ, իմացե՜ք Ձեր իրավունքները, դրանով իսկ պաշտպանված լինելով ինքնակոչների սադրանքներից»,-գրել է նա:

Նշենք, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, «Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» ներկայացող «կառույց»-ի անդամների մասին է, որն ունի «ղեկավար» և գործում է որպես հասարակական կազմակերպություն:

Խմբի անդամները խմբով, նկարահանողների ուղեկցությամբ, արագությամբ մուտք են գործում դպրոցներ, մանկապարտեզներ, մասնավոր տնտեսվարողների տարածքներ, ներկայանում որպես վերահսկողական ծառայություն, կատարում նկարահանումներ, իրականացնում «ստուգումներ», այնուհետ այդ մասին հոլովակներ տեղադրում իրենց էջում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ