Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

Երբ 2018-ին հեղափոխությունն իր տարերքի մեջ էր, Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանյան НТВ ՀԸ-ին հարցազրույց էր տվել ու իրեն հատուկ ոճով ազդարարել․ «Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը. ինձ իշխանություն տվեք, հենց հիմա, անհապաղ։ Իշխանությունը հո ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես»։

Փրկիչների շարքը համալրած ու հայտնի հեռուներից՝ Ռուսաստանից, երկիր հայրենին փրկելու հայտ ներկայացրած գեներալ Արշակն էլ՝ պաշտպանության նախկին նախարար Կարապետյանը, օրերս կոչ էր արել իշխանությանը «չամադանները կապել ու արագ հեռանալ»։

Կարապետյանի առաջարկը, անխոս, արժանի է միայն քոչարյանական ոճով պատասխանի՝ իշխանությունը ճամպրուկ չի, որ վերցնես ու փոխանցես։ Այն էլ այնպիսի մեկին, որն իր մասնագիտական գործունեության ընթացքում ապացուցել է իր «պրոֆնեգոդնի» լինելը։

«Պատմական ակնարկ»

Երբ Կարապետյանը 2018-ի հեղափոխությունից հետո նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական, հանրային արձագանքը շատ բուռն էր ու ծայրահեղ բացասական, քանի որ ամրապնդված համոզմունք կար՝ 2016 թվականին Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչությունը՝ ի դեմս Կարապետյանի, տեղյակ չի եղել, որ Ադրբեջանը Իսրայելից գնել է կամիկաձե դրոններ, զինվորականները տեղեկացված չեն եղել դրանց հնարավոր կիրառման մասին, ինչը մեր կողմից լուրջ կորուստների պատճառ դարձավ։

Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, Կարապետյանին պաշտոնակ արեց քառօրյա պատերազմից հետո, որոշ ժամանակ անց էլ առաքեց ՌԴ՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կից ռազմական կցորդի կարգավիճակում։

Ի դեպ, Կարապետյանը եղել է նաեւ Քոչարյանի պաշտոնավարման ավարտն ազդարարող ողբերգության՝ «Մարտի 1»-ի նախապատրաստման, այսպես ասած, կուլուարային մասնակիցներից մեկը։

ՀՔԾ-ն դեռ 2018-ին «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ հայտնել էր, որ բանակը, քաղաքական գործընթացներում ներգրավելով, ստեղծվել է Երեւանի կայազորի պետի վարչակազմը՝ հայտնի 0038 հրամանի հիման վրա: Հրամանի հեղինակը այդ օրերին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն էր, որը, ի դեպ, նույնպես ՌԴ-ում է, ավելին՝ ՌԴ քաղաքացի։ Հիշյալ կայազորի պետի հատուկ հանձնարարությունների գծով տեղակալը, այդ օրերին ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետը գնդապետ Արշակ Կարապետյանն էր։

Թե ինչո՞ւ էր Արշակ Կարապետյանը պաշտոնակ արվել արդեն գործող իշխանության օրոք, այն էլ նման բարձր ու պատասխանատու՝ պաշտպանության նախարարի պաշտոնից, պարզ դարձավ շաբաթներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ։

Փաստորեն, իր մասնագիտական ոլորտում երիցս ձախողված ու խոցելի կարգավիճակով նախկին պաշտոնյան «կնյազական հավակնություններ» ունի՝ գալ իշխանության, եւ այդ նպատակով էլ, ինչպես հայտնի է, «Համահայկական ճակատ» անունով շարժում է «սանձազերծել»։

Ավելին՝ այս շարժումը տարերային վիճակից կազմակերպաիրավական նոր կարգավիճակի բերելու՝ կուսակցության վերածելու համար էլ գեներալ Կարապետյանը ապրիլի 5-ի երեկոյան Երեւանի կենտրոնի հյուրանոցներից մեկում համագումար է հրավիրել, որի ժամանակ էլ, ըստ ամենայնի, կհնչեցնի հայրենյաց փրկության զանգերը։

«Կուսակցությունն ընդամենը բազմաթիվ միջոցներից մեկն է Հայաստանի գործող իշխանությունների դեմ ավելի արդյունավետ պայքար մղելու, քաղաքական առաջիկա պրոցեսներին մասնակցելու համար»,- ավելի վաղ հայտարարել էր «ճակատի գեներալը»։

Ի դեպ, մի կարեւոր նրբություն՝ Կարապետյանը ֆիզիկապես ներկա չի գտնվելու այդ կարեւոր միջոցառմանը, նա տեսակապով է միանալու համագումարին ու հայտնի ֆիլմի («Հարսնացու հյուսիսից») հերոսի՝ Նիկոլայ Պետրովիչի նման ասելու է «տղամարդու իր խոսքը»։ Իսկ թե ե՞րբ կվերադառնա ՌԴ-ից, հայտնի չէ, եւ, ինչպես նույն ֆիլմի հերոսն է ասում՝ «может завтра, может․․․ послезавтра»․

Պլագիատ, պլագիատ, մինչեւ վերջ

Ինչեւէ, մինչ տեղի կունենա համագումարը, փորձեցինք պարզել, թե ինչ ծրագրով է նախկին նախարարը պատրաստվում նետվել հանուն իշխանության մղվող պայքարի հորձանուտ։ Պարզվեց, սակայն, որ պարոն Կարապետյանը մտադիր է երկիրը փրկել․․․․ուշադրություն, նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ-ի կուսակցական ծրագրով։

Հընթացս նշենք, որ իր վերջին հարցազրույցում նախկին նախարարն այսպիսի միտք էր արտահայտել․ «Դուք գիտեք՝ ես «Հանրապետականին» վերաբերվում եմ․․․․ոնց որ երեւի մեր ամբողջ ժողովուրդը։ Ընչի՞ են նստացրել Արմեն Աշոտյանին, ընչի՞ համար»։

Թե ինչպես է վերաբերվում ժողովուրդը ՀՀԿ-ին, ճշգրտելու կարիք չկա, բայց, փաստորեն, նույն կերպ վերաբերվող Կարապետյանն իր «Համահայկական ճակատ»-ի (ՀՃԿ) ծրագրի (զետեղված է azdarar.am կայքում) հիմնադրույթների մեծ մասը, որոշ դրույթներ էլ՝ փոքր-ինչ փոփոխված, պատճենել է Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ից։

Զարմանալի վերաբերմունք է, ինչ խոսք։ Թե ո՞վ է գրագողության նման աղաղակող փաստի հեղինակը, որը պարոն գեներալի վրա է «նաղդել» ուրիշի «ունեցվածքը»՝ դնելով, փաստորեն, անհարմար դրության մեջ, կարող ենք միայն ենթադրել։

Ի դեպ, չմոռանաք նշել, որ համագումարի նախաձեռնող խմբի ղեկավարը Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն է, որը, նկատենք, նախկին կարկառուն ՀՀԿ-ական է, իսկ երբ Ռ․Քոչարյանին «Մարտի 1»-ի գործով առաջադրված մեղադրանքի հիմքով կալանավորեցին, պարոն Շահինյանը Քոչարյանի աջակիցների թիմում էր։ Հենց նա էլ, դատելով ծրագրին կից հրապարակված դիմումի ձեւից, որը պետք է լրացնեն ՀՃԿ-ին անդամագրվել ցանկացողները, լինելու է կուսակցության նախագահը (մենք էլ միամտաբար կարծում էինք, թե համագումարը պետք է նախագահ ընտրի)։

Արդ, մի քանի օրինակ բերենք՝ որպես ապացույց «օրը ցերեկով» տեղի ունեցած գրագողության։ Ի դեպ, «Համահայկական ճակատ»-ը իրեն հռչակել է պահպանողական կուսակցություն, ինչպես եւ ՀՀԿ-ն։ Բայց չի հանդգնել Նժդեհի անունը հոլովել։

«Կուսակցությունը սկզբունքորեն մերժում է ուժի միջոցով հասարակարգի փոփոխությունը, քանի որ, մեր համոզմամբ, այն խախտում է հանրային կյանքի բնականոն զարգացումը: Կուսակցության խնդիրն է համարժեք բարեփոխումների միջոցով կանխել հասարակական ցնցումները»,- գրված է ՀՃԿ-ի ծրագրում։

«Պահպանողականությունը սկզբունքորեն մերժում է ուժի միջոցով հասարակարգի փոփոխությունը, քանզի այն խախտում է հանրային կյանքի բնականոն զարգացման ընթացքը: Ըստ այդմ՝ պահպանողականության խնդիրն է՝ համարժեք բարեփոխումների միջոցով կանխել հասարակական ցնցումները»,-գրված է ՀՀԿ-ի ծրագրի հիմնադրույթներում։

Փաստորեն, ՀՀԿ-ի ծրագիրը «քոփի-փեսթ» անողները որոշել են մի երկու կոսմետիկ միջամտություն անել ձեւակերպումներում՝ «քանզի»-ին դարձնել «քանի որ», «պահպանողականություն»-ը դարձնել «կուսակցություն»-ը եւ հին «բորշչը» մատուցել թարմ «վինեգրետ»-ի անվան տակ։

«Պետությունը պետք է աջակցի քաղաքական համակարգի զարգացմանը, ժողովրդավարության կայացմանը, մասնակի եւ փուլային բարեփոխումների ճանապարհով՝ հասարակության անընդհատ բարելավմանը: Ցանկացած բարեփոխում պետք է համապատասխանի հասարակության ավանդական արժեհամակարգին՝ միաժամանակ, ըստ անհրաժեշտության, ուղղված լինելով դրա արդիականացմանը»,- կարդում ենք ՀՀԿ-ի ծրագրում:

«Պետությունը պետք է աջակցի քաղաքական համակարգի զարգացմանը, ժողովրդավարության կայացմանը, բարեփոխումների ճանապարհով»,- կարդում ենք գեներալի կուսակցության ծրագրում։

«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ձայնը պետք է լինի լսելի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի, իսկ բազմակարծության, քաղաքական ազատությունների, մրցակցային հավասար պայմանների, մտքի, խոսքի, խղճի ազատության լիարժեք կենսագործումն այլընտրանք չունի» (ՀՃԿ):

«Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լինի լսելի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի։ Բազմակարծության, քաղաքական ազատությունների, մրցակցային հավասար պայմանների, մտքի, խոսքի, խղճի ազատության լիարժեք կենսագործումն այլընտրանք չունի» (ՀՀԿ):

Ինչպես ասում են՝ «գտի՛ր 10 տարբերություն»։

Ի դեպ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որն իր նախագահության օրոք փոխեց ՀՀ Սահմանադրությունն ու կառավարման համակարգը՝ անցում կատարելով խորհրդարանական համակարգի, Արշակ Կարապետյանը որոշել է այժմ էլ քաղաքական համակարգը հակառակ ուղղությամբ տանել՝ խորհրդարանականից դեպի նախագահական։ Եվ ահա այստեղ է, որ «պլագիատը» թեթեւակի խմբագրված է։

ՀՀԿ-ի ծրագրում գրված է․ «Պետական կառավարման ձեւը, կախված իրականացվող նպատակների, ծրագրերի լուծման արդյունավետությունից, կարող է փոխվել պետության զարգացման տարբեր փուլերում, իսկ կառավարման համակարգի գործունեությունը պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության, օրենքի իշխանության, ազգային անվտանգության հայեցակարգերի վրա»:

ՀՃԿ-ի ծրագրում էլ նույն դրույթն այսպես է ձեւակերպված․ «Կախված իրականացվող նպատակների, ծրագրերի լուծման արդյունավետությունից, պետական կառավարման համակարգը պետք է փոխվի եւ անցում կատարվի նախագահական կառավարման համակարգին, իսկ կառավարման համակարգի գործունեությունը պետք է հիմնված լինի օրենքի եւ իրավունքի բացարձակ գերակայության ու իշխանության, ազգային անվտանգության հայեցակարգերի վրա»:

Ի դեպ, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սեպտեմբերյան ագրեսիայից շաբաթներ հետո միայն ՌԴ-ից ծիկրակած, Ղարաբաղի «հանձնման» համար ՀՀ իշխանություններին մեղադրած ու մեղադրող գեներալը իր նորածիլ քաղաքական ուժի ծրագրում ընդամենը մեկ համառոտ նախադասությամբ է անդրադառնում ԼՂ խնդրին։

Վերոթվարկյալ «հիմնադրույթների իրականացման նպատակով կուսակցությունը նախանշում է «․․․․Արցախի հիմնախնդրի լուծում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»։

Յա, իրո՞ք, կասեր Սերժ Սարգսյանը ու ենթադրաբար կհավելեր՝ Արշակ, դու տեղյա՞կ ես, որ Լավրովը, որի երկրում դու այժմ պատսպարվել ու փորձում ես Արցախի հիմնախնդիր լուծել, դեռ 2022-ին՝ ուկրաինական պատերազմից հետո է ազդարարել, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց մեռած է, գոյություն չունի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ