Ավանդական տաքսիները կարող են վերանալ. ինչու են մարդիկ նախընտրում մեքենա պատվիրել օնլայն

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ահազանգել է, որ օնլայն տաքսի ծառայությունները շուկայից դուրս են թողնում ավանդական տաքսիներին։ Հայաստանում գրանցված 3162 ավանդական տաքսի ծառայություն մատուցող կազմակերպություններից 2787-ը 2018-2023 թթ.-ին այս ոլորտում որևէ գործունեություն չեն իրականացրել, մնացածների վճարած հարկերն էլ զգալի անկում են ապրել։

Այն, որ որ ավանդական տաքսի ծառայությունները մարդկանց համար հետաքրքիր չեն, փաստում են նաև ոչ օնլայն տաքսի ծառայություն մատուցող վարորդները։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրանցից մի քանիսն ասում են, որ առցանց տաքսի ծառայությունը խանգարում է՝ գումար վաստակեն։ Նրանց խոսքով՝ եթե պետությունը ցանկանում է, որ հարկեր վճարեն, ապա այս պարագայում դա պետք է անեն միայն օնլայն հարթակները:

«Երեք տարի է՝ անցել եմ թոշակի։ Տաքսին վարում եմ իմ անձնական մեքենայով, բայց ամբողջ օրը միայն սիգարետի ու հացի փող եմ կարողանում առնեմ, Փառք Աստծո, 2000 դրամ։ Օնլայն տաքսիները, որ աշխատում են մեր գործին խփելով, այ իրենք պետք է հարկ վճարեն։ Օրը 40 հազար փող են ստանում, բա՞ մենք, թոշակառուն չի՞ ուզում բարեկեցիկ կյանքով ապրի»,- դժգոհում է տաքսու վարորդ Համլետ Սարգսյանը։

Մեկ այլ տաքսու վարորդ՝ Լյովա Նահապետյանը համակարծիք է գործընկերոջ հետ:

«Այն մարդիկ, որ օնլայն են քշում, որ շատ հարկվեն, մեր գործին չեն խփի։ Ինչ թոշակի եմ անցել, քշում եմ, ո՞ւմ ասեմ՝ ինձ հաց բեր։ Օր է լինում՝ 1200 դրամ եմ առնում, շաբաթ-կիրակի էլ գործ չի լինում, չգիտես՝ ինչ անես։ 40 տարի աշխատել եմ գիտական հիմնարկություններում, 40 հազար թոշակ եմ ստանում, դա որքանո՞վ է ճիշտ։ Ի՞նչ անեմ։ Մենք կիլոմետրը քշում ենք 600 դրամ, բայց նայած՝ ինչ ճանապարհ է. քանդած է, ասֆալտ կա՞, թե՞ չկա»,- ասում է նա:

Տաքսու վարորդ Զորիկն էլ պնդում է՝ ավանդական տաքսի ծառայությունը, չնայած անընդհատ առաջացող ու խանգարող խնդիրներին, միշտ գործելու է․ «Ամեն առումով օնլայնը մեզ խանգարում է, բայց ուզում է՝ օնլայն լինի, ծրագիր լինի, դրսի տաքսին միշտ էլ աշխատելու է։ 10 հազար դրամի վնաս ենք կրում ամեն օր, օնլայնն էլ օրը իր համար առնում է 20 հազար դրամ»։

Տնտեսագետ Արմեն Քթոյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ այս խնդիրը եղել և լինելու է, ընդ որում՝ այն կա շատ երկրներում։

Մի դեպքում առկա է հավելվածը, որն արագ օգնում է հասկանալ ծառայության գինը, հնարավորություն է տալիս ընտրել մեքենան և այլն, մյուս կողմից ավանդական տաքսին է, որին զանգահարելն ու մեքենային սպասելն ավելի երկար ժամանակ է պահանջում։

«Այս խնդիրը սպառողի նախընտրության արդյունքում է առաջացել, տեխնոլոգիական առաջընթացներն են փոփոխությունները բերել։ Օնլայնը գնային առումով մատչելի է, հարմարավետ։ Եթե ավանդական տաքսին ևս ակտիվություն է ուզում, պետք է գնային առումով ճկուն լինի, ինչը այդպես չէ»,- ասում է նա:

Վերջինիս կարծիքով՝ նորարարական տեխնոլոգիան մշտապես առաջին տեղում է լինելու: Եթե ոչ օնլայն տաքսին ուզում է մրցակցել, հետ չմնալ այդ պայմաններից, պետք է ինչ-որ գրավիչ ելքեր գտնի:

«Օրինակ՝ կան երկրներ, որտեղ էլեկտրոնիկայի խանութներ չկան, օնլայն են և առաքումով, ոչ օնլայն խանութը, եթե ասի՝ առևտուր չկա, պետությունը չի կարող քայլեր ձեռնարկի, որովհետև հաճախորդի նախասիրությունն է առաջնայինը։ Հնարավոր չէ ասել՝ արդյոք աստիճանաբար ոչ օնլայն, ավանդական տաքսի ծառայությունը լիովին կբացառվի, բայց, ամեն դեպքում, եթե ցանկանում են իրավիճակ փոխել, պետք է այնպես անեն, որ իրենց ծառայություններն էլ հնարավորինս ավելի շատ անձանց պահանջմունքներ բավարարեն»,- խորհուրդ է տալիս նա:

Այս պարագայում կարևոր է նաև հարկերի վճարումը, ընդգծում է տնտեսագետը։ Թեպետ դժվար է ասել, թե որքա՞ն է եղել հարկերի զգալի անկումը, որի մասին հաղորդում է հանձնաժողովը, քանի որ բացակայում են տվյալները, սակայն, ըստ նրա, շահույթը ենթակա է հարկման, անկախ նրանից՝ եկամուտը ինչ տրամաբանությամբ է ձևավորվում։

«Ցանկացած տնտեսական գործունեություն պետք է հարկվի։ Ինչ տարբերություն՝ քո եկամուտը ստանում ես տաքսի վարելո՞վ, թե՞ աշխատում ես որևէ տեղ ու ամսական ստանում 100 հազար դրամ։ Ցածր եկամուտ ունեցողներն էլ են հարկվում, եթե հարկերից բողոքելու լինեին, նրանք էլ պետք է ասեին՝ թող հարկվեն միայն բարձր աշխատավարձ ստացողները։ Հարկերը ձևավորվում են տաքսի ծառայությունների ու դրանից օգտվողների շրջանառությունից»,- ասում է նա։

Ըստ Քթոյանի՝ պետք է քննարկումներ լինեն, որ հասկանալի դառնան բուն խնդիրները և դրանց լուծումները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ