Բացի ԼՂ բռնի տեղահանվածներից Հայաստանում կան նաև այլ քաղաքացիներ, որոնց խնդիրները պետք է լուծել․ Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ անդրադարձել է Երևանում ԼՂ-ից բռնի տեղահանվածների հանրահավաքներ կազմակերպելու կոչերին։  Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․

Որքան էլ մեծ է կառավարության ցանկությունը լուծելու ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական ու բնակարանային խնդիրները, միևնույն է, մեր կարողությունները սահմանափակ են։ Դրանք սահմանափակվում են հարկերի տեսքով հավաքագրված բյուջեով։

Բացի այդ, Հայաստանի հանրապետությունում բացի ԼՂ-ից բռնի տեղահանվածներից կան նաև ՀՀ քաղաքացիներ, որոնց թոշակների, նպաստների, աշխատավարձերի, առողջապահական, ուսումնական և ինչու ոչ բնակարանային խնդիրները ևս պետք է լուծել, գումարած երկրի անվտանգային խնդիրները։

Տարատեսակ քաղաքական սադրիչներին տրվելով, փողոց դուրս գալով, հանրահավաքներ անելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներն ավելի շատ խնդիրներ կստեղծեն, քան լուծումներ կգտնեն իրենց խնդիրներին։ Նույն հանրահավաքների կազմակերպիչները ժամանակին Ղարաբաղում ունեին բոլոր լծակները հարցեր լուծելու, արդյունքը՝ շատ ողբերգալի ստացվեց։ Հիմա նույնը փորձում են անել Հայաստանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ