Հայաստանը չի ռազմականացվում, ընդամենը կառուցում է իր պաշտպանությունը. Ռուբինյանը՝ Անթալիայում

Հայաստանը չի ռազմականացվում, այլ ընդամենը կառուցում է իր պաշտպանությունը։

Այս մասին Անթալիա քաղաքում մեկնարկած դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասել է հայկական կողմի բանախոս, ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ ի պատասխան մյուս բանախոսների հայտարարությունների, թե Հայաստանը զինվում և «ռազմականացվում» է:

«Հայաստանն ունի անվտանգային մտահոգություններ, այդ թվում՝ Ադրբեջանի պատճառով, ու մենք սուվերեն իրավունք ունենք մեր պաշտպանությունը կառուցելու, չունենք որևէ ագրեսիվ մտադրություն որևէ հարևանի նկատմամբ, մենք հարգում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը, բայց իրավունք ունենք կառուցելու մեր պաշտպանությունը»,- նշել է Ռուբինյանը:

Նշենք, որ «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկմանը մասնակցում են նաև Ադրբեջանի նախագահի օգնական, հատուկ դեսպան Հիքմեթ Հաջիևը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ