Ադրբեջանի կողմից բավարար ջանքեր չենք տեսնում, հայկական կողմի քայլերը փոխադարձ չեն․ Ռուբինյանը՝ Անթալիայում

Հայկական կողմն ամեն ինչ անում է՝ իրականացնելու համար Ալմաթիի հռչակագրով ամրագրված հիմնական սկզբունքները, որոնց շուրջ տարբեր համաժողովների շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Ցավոք, բավարար ջանքեր չենք տեսնում Ադրբեջանի կողմից։

Այս մասին Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկած դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասել է հայկական կողմի բանախոս, ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

Ըստ նրա՝ հայկական կողմի ջանքերը փոխադարձ չեն:

«Վերջին տարիներին Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր համաժողովներում կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել խաղաղության հիմնական սկզբունքների շուրջ։ Որոնք են դրանք՝ առաջին հերթին տարածքային ամբողջականության փոխադարձ վերահաստատումը՝ հենվելով Ալմաթիի հռչակագրի վրա։ Երկրորդ սկզբունքը, որի շուրջ պայմանավորվել են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատումն իրականացվելու է Ալմաթիի հռչակագրի համաձայն։ Երրորդ սկզբունքը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաներին, որոնք վերաբացվելու են երկրների իրավազորության, հավասարության, փոխադարձության հիման վրա։ Կարծում ենք՝ եթե կարողանանք այս գոյություն ունեցող սկզբունքներն ամրապնդել խաղաղ բանակցություններում, շատ սեղմ ժամկետում հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Ցավոք, չեմ կարող ասել, որ մենք դա կարողացել ենք անել մինչև հիմա»,- նշել է բանախոսը:

Ռուբինյանը հավելել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կանգ չեն առել ոչ մի ժամանակահատվածում, 2 երկրները շարունակել են փոխանակել իրենց տեսակետները պայմանագրի նախագծի վերաբերյալ։

Նշենք, որ «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկմանը մասնակցում են նաև Ադրբեջանի նախագահի օգնական, հատուկ դեսպան Հիքմեթ Հաջիևը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ