«Հայաստան» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը կանչվել է դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ու փոխկապակցված մեկ այլ անձ՝ Մարիամ Սահակյանը կանչվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող ույքի բռռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից։ Ծանուցագրերը զետեղվել են երեկ, Վարդանյանն ու Սահակյան պետք է դատախազություն ներկայանան ս․թ․ մարտի 1-ին։ «Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,-նշված է Վարդանյանին ուղղված ծանուցագրում։ Մարիամ Սահակյանին ուղղված ծանուցագրում էլ նշված է, որ Արա Վարդանյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, եւ Սահամյանն իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Նշենք, որ Արա Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, գործը դատարանում է։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նա 2009 թվականի մայիսի 18-ից մինչև 2018 թվականի հուլիսի 20-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, շահադիտական նպատակներով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերիին հակառակ օգտագործելով, էական վնաս է պատճառել հիմնադրամի ճրինական շահերին, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև 2017-ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում պաշտոնեական կեղծիք կատարոլով՝ «ՀԱՏՄ» ՍՊԸ ընկերության տնօրեն Ավետիք Անուշավանի Հարությունյանի օժանդակությամբ յուրացնելու եղանակով հափշտակել է իր կառավարմանը վստահված հիմնադրամի առանձնապես խոշոր չափերի գույքը, այնուհետև կեղծված պաշտոնեական փաստաթղթերն այլ կեղծ փաստաթղթերով փոխարինելու նպատակով կատարել է պաշտոնեական նոր կեղծիք: Սույն գործով մեկ այլ մեղադրյալ էլ կա՝ Ավետիք Հարությունյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այ բանի համար, որ նա 2004 թվականի մարտի 22-ից հանդիսանալով Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի 100% ղեկավարման հանձնված «ՀԱՏՄ» ՍՊ ընկերության տնօրենը, այսինքն՝ պաշտոնատար անձ, և ընդունելով հիմնադրամի գործադիր տնօրենի Արա Վարդանյանի՝ հանցանքի կատարման օժանդակելու առաջարկները, 2017-2018 թվականների ընթացքում շահադիտական նպատակներով պաշտոնեական կեղծիք կատարելով օժանդակել է Արա Վարդանյանի հիմնադրամի առանձնապես ծոշոր չափերի գույքը հափշտակելու, այնուհետև կեղծված պաշտոնեական փաստաթղթերն այլ կեղծ փաստաթղթերով փոխարինելու նպատակով անձնական այլ դրդումներով կատարել է պաշտոնեական նոր կեղծիք:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն 2019-ին հաղորդագրություն էր տարածել եւ նշել, որ Վարդանյանը բանկում գրավադրել է հիմնադրամի հաշվին գտնվող «Մոզիյան» ֆոնդի 28 մլն դրամ ավանդը և վարկային քարտով ստացել տարեկան 25 մլն դրամի վարկային գիծ: Այդ գումարն էլ օգտագործել է խաղադրույքներ կատարելու համար։ Բացի այդ, ըստ ԱԱԾ-ի, հիմնադրամի գործադիր տնօրենը հիմնադրամի` առանձնապես խոշոր չափերով գույքը յուրացնելու նպատակով տնտեսվարող կազմակերպություններից մեկի տնօրենի օժանդակությամբ կազմել, հաստատել և ստորագրել է Արցախի Հանրապետության շրջանների և Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցներին ընդհանուր 292.833.540 ՀՀ դրամ արժողությամբ կահույք մատակարարելու վերաբերյալ կեղծ պայմանագրեր, հանձնման-ընդունման կեղծ ակտեր, որոնց հիման վրա հիմնադրամի հաշվից ընկերության ընթացիկ հաշվին փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի 292.833.540 ՀՀ դրամ, որն էլ փոխադարձ պայմանավորվածության համաձայն, յուրացման եղանակով, հափշտակվել է, իսկ Արցախի Հանրապետության շրջաններին և Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցներին պայմանագրով նախատեսված գույքը չի մատակարարվել:
Ա․Վարդանյանը կալանավորվել էր, ապա գրավի դիմաց ազատ արձակվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ