Դիվերսիայի փորձ է կատարել. հայկական կողմից սահմանին վնասազերծված ադրբեջանցի զինծառայողը ձերբակալված է

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, դիվերսիայի փորձ կատարած Ռուսլան Փենախովը, քննիչի որոշմամբ, ձերբակալվել է:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ հանգամանքները քննությամբ պարզվում են:

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 340-րդ հոդվածի 1-ին մասով, 44-425-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովի կողմից 2024թ. փետրվարի 28-ին դիվերսիայի փորձ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ազգային, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու և փոխադրելու, հրազենի և ռազմամթերքի մաքսանենգության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ»,-ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Երեկ հայտնել ենք, ըստ ՀՀ ԱԱԾ-ի, ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, որը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:

Պարզվել է, որ զինծառայողը Ռուսլան Փանախովը Շամքիրի շրջանից է, ծառայության է անցել անցյալ տարվա հուլիսին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ