Աղբավայր գնալու է ավելի քիչ թափոն. ներդրվում է արտադրողի, ներմուծողի պատասխանատվության ընդլայնման համակարգ

Հայաստանի համար արդիական են վտանգավոր թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության հիմնախնդիրները։ Դեռևս լուծված չեն այդ թափոնների էկոլոգիապես անվտանգ եղանակով հեռացման, վնասազերծման, վերամշակման, օգտահանման և ոչնչացման հարցերը: Նշված հիմնախնդիրների լուծումը պահանջում է նոր մոտեցումների կիրառում։ Այս համատեքստում շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրատեսակների համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է ներդնել արտադրողի, ներմուծողի պատասխանատվության ընդլայնման համակարգ: Հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը տեղեկացրեց, որ խոսքը թափոնների կառավարման նոր համակարգի մասին է։

«Նոր համակարգի ներդրմամբ արտադրողը կամ ներմուծողը պատասխանատվություն է կրելու ապրանքի ամբողջ շղթայի համար։ Այսինքն՝ ապրանքի թափոն դառնալու փուլում ընկերությունը ևս անելիք ունի։ Այդ պատասխանատվությունը վճարների տեսքով է լինելու։ Բիզնեսից գանձվող վճարներն ուղղվելու են թափոնները հավաքագրող կազմակերպությունների ստեղծմանը, թափոնների վերամշակմանը»,-ասաց Լուսինե Ավետիսյանը։

Կախված ապրանքների տեսակից՝ փաթեթավորման միջոցներ, մարտկոցներ, էլեկտրոնային սարքավորումներ, անվադողեր և այլն, բիզնեսից գանձվող վճարները տարբեր են լինելու։ Թափոնների կառավարման փորձագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը նշեց, որ այս գործընթացը նպաստելու է աղբավայրեր ուղղվող թափոնների կրճատմանը։

«Օրինակ՝ մարտկոց ներմուծող ընկերությունները ստեղծելու են շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը կազմակերպելու է թափոն դարձած մարտկոցների էկոլոգիապես անվտանգ գործածությունը, այն է՝ դրանց հավաքում, վնասազերծում կամ վերամշակում։ Բիզնեսից գանձվող վճարների շրջանակում հաշվարկվելու են ինչպես ստեղծվող կազմակերպության վարչական ծախսերը, այնպես էլ թափոնների հավաքագրումը, իրազեկման արշավները, ենթակառուցվածքների ստեղծումը, վերամշակումը և այլն»,-ասաց Հարություն Ալպետյանն՝ ընդգծելով, որ այդ կազմակերպությունները պետության վերահսկողության տակ են լինելու։

Այս նոր գործընթացը ենթադրում է բիզնեսի համար հավելյալ ֆինանսական բեռ, ենթակառուցվածքների զարգացում, կրթական ծրագրերի անհրաժեշտություն։ Այդ համատեքստում «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ նախագահ Էլինա Մարգարյանը կարևորեց ինչպես իրազեկման աշխատանքների, կրթական ծրագրերի իրականացումը, այնպես էլ բիզնեսի, քաղաքացիների վարքագծի վերանայումը։

«Հայաստանը մեծ բարեփոխումների առջև է կանգնած ու մենք այսօր խոսում ենք շրջանաձև տնտեսության մասին։ Շատ կարևոր է իրազեկման մակարդակի բարձրացրումը, ենթակառուցվածքների զարգացումը, վարքագծի փոփոխությունը։ Այս առումով տեղական ընկերությունները երկար ճանապարհ ունեն անցնելու՝ սովորել միջազգային փորձը, որ անցումային շրջանը հեշտ լինի իրենց համար։ Ի դեպ, վարքագծային փոփոխությունն անհրաժեշտ ոչ միայն բիզնեսի կողմից, այլև՝ սպառողի։ Ի վերջո՝ եթե մենք խոսում ենք թափոնի հավաքագրման մասին, նշանակում է, որ սպառողն աղբի տեսակավորման առումով անելիք ունի»,-ասաց Էլինա Մարգարյանը։

Ծրագիրը պիլոտային տարբերակով ներդրվելու է մինչև 15 հազար բնակչություն ունեցող համայնքում։ Ներկայում օրենսդրական փաթեթը մշակման փուլում է, այն շուտով կդրվի հանրային քննարկման։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ