Խաղաղության հաստատման ճանապարհն անցնում է Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններով. Բաքվից պատասխանել են ՀՀ վարչապետին

Չնայած այն հանգամանքին, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումն անցել է կառուցողական և օգտակար մթնոլորտում, չնայած հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի կոչերին, Ադրբեջանը կարծում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ է արվում»:

Այս մասին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետի հայտարարությունները։

Նա նշել է, որ ՀՀ վարչապետի այն կարծիքը, թե Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը չի աջակցվում միջազգային հանրության կողմից, Ադրբեջանի տարածքների նկատմամբ «հավակնությունների փորձ է»:

Ըստ Բաքվի արտաքին քաղաքական գերատեսչության՝ սա անուղղակիորեն ապացուցում է, որ հայկական կողմը, իբր, Ադրբեջանի նկատմամաբ տարածքային պահանջներ ունի:

«Այս առումով Հայաստանի Սահմանադրությամբ և օրենսդրական ակտերում արտացոլված մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջները պետք է վերացվեն»,- անհիմն ենթադրությունների համատեքստում աղաղակել է Հաջիզադեն:

Ինչ վերաբերում է հայկական կողմի այն պնդմանը, թե Ադրբեջանը խախտել է եռակողմ հռչակագիրը, ապա ըստ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի՝ հայտարարությունը ոչ մի հիմք չունի:

Կրկին Հայաստանին վերագրելով սեփական ձախողումներն ու նկրտումները, Հաջիզադեն հայտարարել է, թե Հայաստանը, հակառակ իր պարտավորություններին, չի դուրս բերել իր զինված ուժերը իբր «Ադրբեջանի տարածքից» և չի կատարում հաղորդակցությունների բացման իր պարտավորությունը:

«Հայկական կողմը պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ճանապարհն անցնում է հարևան երկրների հետ հարաբերությունների հաստատմամբ՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հաստատման և հարգանքի և Ադրբեջանի հետ ուղղակի կառուցողական բանակցությունների վրա»,- ասել է Հաջիզադեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ