Ալիևը «քիմիական կապի» մեջ է պուտինյան ռեժիմի հետ, և ինքնուրույն քայլ անգամ չի համարձակվի անել առանց Պուտինի համաձայնության. Սաքունց

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է ցնցել իրավիճակը Հարավային Կովկասում և միջամտել հայ-ադրբեջանական կարգավորմանը, իսկ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ՀՀ անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ի մեխանիզմներին տեսանելի այլընտրանք չկա։ Թե ինչ նպատակ են հետապնդում այս հայտարարությունները, և ինչպիսի խնդիրների առջև կարող է կանգնել Հայաստանը, Civic.am-ը զրուցել է ՀՔԱՎԳ ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։

— Պարոն Սաքունց, Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակներ են հետապնդում այս հայտարարությունները։

— Պատրուշևը կամ ՌԴ որևէ այլ պաշտոնյա չէ, որ պետք է խոսի իրավիճակի ապակայունացման կամ լարվածության մասին, որովհետև առաջին հերթին հենց ՌԴ-ն է իր գործողություններով հետխորհրդայիյն տարածաշրջանում ու Հարավային Կովկասում սրել իրավիճակը անուղղակի կամ ուղղակի գործողությունների, այդ թվում ագրեսիայի կամ ագրեսորներին աջակցության միջոցով։

Իհարկե, ՌԴ-ն շատ լավ գիտակցում է, որ Բաքվի հետ համագործակցված իրենց պլաններին՝ պարտադրելու ՀՀ-ին զիջելու ինքիշխանությունը և Զանգեզուրի ճանապարհը իրենց թելադրանքով բացելու, դիմագրավելու Հայաստանի ռեսուրսները սահմանափակ են, և մենք կարող ենք դիմագրավել միայն Արևմուտքի աջակցությամբ։ Դա մենք տեսնում ենք նաև Ուկրաինայի դեպքում, որը ՌԴ-ից մի քանի անգամ փոքր պետություն լինելով կարողանում է Արևմուտքի աջակցությամբ դիմագրավել։ Այսինքն՝ նրանք տրտնջում են, որ Արևմուտքը և ՀՀ-ն խոչընդոտում են իրենց պլանների իրագործմանը։

Կարող են լինել ագրեսիվ գործողություններ, և երկու տարբերակ կա։ Առաջինը, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի, իբր թե պայմանավորվածությունները չկատարելու պատրվակով, որի առիթը կարող է հանդիսանալ ցանկացած սահմանային միջադեպ, չնայած որ բազմաթիվ պայմանավորվածություններ իրենք չեն կատարել։ Երկրորդ տարբերակը, որը հավանական եմ համարում, դա ներքին անկայունության հրահրումն է, ընդհուպ մինչև պետական հեղաշրջում իրականացնելը։ Դա կարող է ներգրավել ոչ միայն տեղական իրենց պրոքսիներին, այլև անգամ եկեղեցուն։ Այսինքն՝ եկեղեցուն ներքաշել ներքաղաքական պայքարի մեջ՝ փորձելով իշխանություններից դժգոհ մարդկանց բյուրեղացնել եկեղեցու շուրջը և կատարել պետական հեղաշրջում։ Այսինքն՝ երկու տարբերակով էլ նրանք կփորձեն անել այն սցենարը, որը եղավ 1920 թվականին, այսինքն՝ սովետականացում։

— Որոշ քաղաքագետներ հնարավոր են համարում, որ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ն կարող է հարձակվել Հայաստանի վրա։ Ի՞նչ կասեք։

— Ռուսական զորքը արդեն ՀՀ-ում է գտնվում՝ հանձին ռուսական բազայի։ Պոտենցիալ օկուպացիոն զորքը գտնվում է ՀՀ-ում, ու սա այն հանգամանքն է, որ ներկա իշխանությունները պատշաճ նշանակություն չտվեցին։

— Իսկ ռուսական զորքերի մնալու հետ կապված ժամկետներ կա՞ն, թե՞ ցանկացած պահի կարող ենք հեռացնել այդ զորքերը ՀՀ սահմաններից։

— Ցանկացած պահի կարող ենք հեռացնել, դրա համար պետք է քաղաքական կամք և հստակ որոշում։

— Պարոն Սաքունց, նշեցիք հեղաշրջման հնարավորության մասին, ՀՀԿ-ն այս օրերին մասնակցում է Единая Россия-ի կազմակերպած համաժողովին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

— Դե դա ըստ էության նույն արժեքային հիմքով գործող կուսակցություններ են։ Երկուսն էլ բռնատիրական, ավտորիտար ռեժիմի կրողներ են ու հակաժողովրդավարական։ Единая Россия-ն նաև պատասխանատվություն է կրելու Ուկրաինայի դեմ գործած ագրեսիայի ու պատերազմական հանցագործությունների համար։
Ես ՌԴ-ի հետ ցանկացած համագործակցություն համարում եմ հակապետական, անկախ նրանից՝ իշխանություն է, թե ընդդիմություն։

— Նշեցիք, որ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա, բայց արդյոք Ադրբեջանը կհամարձակվի՞ նոր պատերազմի, երբ առկա է արևմտյան նոր պատժամիջոցների վտանգ։

— Ադրբեջանը և Ալիևը «քիմիական կապի» մեջ են գտնվում պուտինյան ռեժիմի հետ, և ինքը ինքնուրույն քայլ անգամ չի համարձակվի անել առանց Պուտինի համաձայնության։ ՌԴ-ն ունի Ադրբեջանի վրա ոչ միայն ազդեցություն, այլև երկուսն էլ ագրեսոր պետություններ են։ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանը միայնակ չունի այն ռեսուրսը, որով կկարողանա հաղթահարել արևմտյան պատժամիջոցները, որոնք անկասկած կլինեն։

— Իսկ եթե Պուտինի ցանկությունը լինի, որպեսզի Ադրբեջանը հարձակվի՞։

— Դա արդեն հաշվարկի վրա է, թե ինչքանով Արևմուտքը այստեղ հետևողական և սկզբունքային կլինի ու Ալիևին կբացատրի, թե նման ագրեսիայի հետևանքները ինչպիսի ազդեցություն կունենան իր կառավարման և իր վրա։

Դավիթ Լևոնյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ