«16 տարի անց՝ Մարտի 1-ի նախօրեին, ինչո՞ւ պիտի իրենք ազատության մեջ լինեին, որ նման ձևով խոսեին»․ Մարտի 1-ի զոհերի հարազատները՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին

Այսօր իր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով 2008 թվականի մարտի 1-ի մասին, ասել է․ «էդ փամփուշտը օգտագործել է իրավապահ մարմինը և օգտագործել է ճիշտ, տեղին և ժամանակին»։

Civic.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Սերժ Սարգսյանի ասածը, Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ասաց․ «Մի քանի տարի առաջ ասում էին զինվորները չեն կրակել, հետո ի հայտ եկան այդ փամփուշտները, տվեցին հակակոռուպցիոն, հակակոռուպցիոնը տվեց մասնագետներին և ի հայտ եկան, որ այդ փամփուշտները կրակել են զինվորները։ Հիմա Սերժ Սարգսյանն ասում է՝ իրավապահ մարմինները․․․ թեկուզ իրավապահ մարմինները։ Չէ ՞որ նրանք ենթարկվում են ՀՀ նախագահին։ Էն ժամանակ ինքը նախագահ էր, ինչո՞ւ չէր ասում՝ «Հարգելի իրավապահ մարմիններ, ցուցարարները չեն հարձակվել կառավարության շենքի վրա, չեն հարձակվել ԱԺ-ի շենքի վրա, չեն հարձակվել նախագահի նստավայրի վրա, չեն հարձակվել կարևորագույն օբյեկտների վրա, հարց է առաջանում, բա ինչո՞ւ եք սպանում»։ Հետո ասում է՝ ճիշտ տեղին ու ճիշտ ժամանակին են խփել։ Այդ ձևի մարդուն ես անվանում եմ ստոր մարդ»,- ասաց Սարգիս Քլոյանը։

Սերժ Սարգսյանը նաև ասել է, որ այդ գործում ինչ որ եղել է, եղել է ի պատասխան այն մարդկանց, որոնք չկարողացան այն ժամանակ իրենց նպատակին հասնել, իսկ 2018-ին հասան։

Այս առնչությամբ Սարգիս Քլոյանն ասաց, որ այն ժամանակ իրենք ընդհանրապես հեղափոխություն անելու տրամաբանություն չեն ունեցել, ընդամենը Ազատության հրապարակում ասում էին, որ ընտրությունները կեղծվել են և պահանջում էին իշխանություններից նոր ընտրություններ անցկացնել, նրանք չարեցին ու միանգամից գիշերով հարձակվեցին ժողովրդի վրա, դա է եղել։

Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին մենք զրուցել ենք նաև «Մարտի 1»-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մոր՝ Ալլա Հովհաննիսյանի հետ։

«Սերժ Սարգսյանի՝ «Մարտի 1»-ին զենք օգտագործելու մասին այսօրվա ցինիկ, լկտի պատասխանի մեղավորը իշխանությունն է, որը չկարողացավ դատել «Մարտի 1»-ի մեղավորներին։ 2008թ «Մարտի 1»-ից հետո տասը տարի քննադատել ենք քոչասերժական հանցախմբին՝ հույս ունենալով, որ հեղափոխությունից հետո ամեն ինչ կբացահայտվի, հիմա լրիվ հույսներս կտրել ենք»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը։

Ի հավելումն նա հարց բարձրացրեց, թե 16 տարի անց Մարտի 1-ի նախօրեին, ինչու պիտի «իրանք ազատության մեջ լինեին, որ ինչ ուզենային խոսեին»։

Լիլիթ Թադևոսյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ