Սա շանտաժ է ՌԴ-ի կողմից, պատերազմի նախապատրաստական աշխատանքներ են, ու մենք պետք է պատրաստվենք. Գուրգեն Սիմոնյան

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է ցնցել իրավիճակը Հարավային Կովկասում և միջամտել հայ-ադրբեջանական կարգավորմանը, իսկ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ՀՀ անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ի մեխանիզմներին տեսանելի այլընտրանք չկա։ Ինչ նպատակ են հետապնդում այս հայտարարությունները, և ինչպիսի խնդիրների առջև կարող է կանգնել Հայաստանը. թեմայի շուրջ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ։

— Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ-ից հնչող այս հայտարարությունները:

— Ռուսաստանը ռազմական գործողություններ է փորձում հրահրել ու փորձելու է տարածաշրջանը վիճարկել։ Խփելու է Հայաստանին, և սա պայմանավորված չէ նրանով, որ ՀՀ-ն բացարձակապես ուղղորդված արևմտյան օրակարգով է շարժվում, սա պայմանավորված է նրանով, որ ՌԴ-ն ոչ մի կերպ չի համաձայնելու ՀՀ-ի ինքնուրույնությանը։ Մենք պետք է գիտակցենք, որ պատերազմ է նախատեսվում, հարգելիներս, ու պատրաստվել է պետք։ Սա մեր մեղավորությունը չի, այլ նրանք են որոշել։ Ռուսները հող են նախապատրաստում։ Ոնց ասում էին՝ ՆԱՏՕ-ն է ընդլայնվում, կամ ԵՄ ասոցացման հետ կապված Ուկրաինան է փորձում մերձենալ, ու այդպիսի պատճառաբանություններ բերելով հարձակվեցին ուկրաինացիների վրա, այդպես էլ այստեղ են փորձում խնդիրներ ստեղծել, ու նպատակը Մեղրին վերցնելն է, նպատակը Սյունիքն է։ Իշխանության հիմնական գործն է մոբիլիզացնել ուժերը, որովհետև ՌԴ-ն ագրեսիայի է դիմելու։ Պիտի պայքարենք մեր պետության համար։

— ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը հայտարարել է, որ առճակատման մեծ պոտենցիալ կա հայ-ադրբեջանական սահմանին, ու միակ տարբերակը պատերազմից խուսափելու խաղաղության պայմանագիր կնքելն է։ Արդյոք սա շանտա՞ժ է։

— Իհարկե շանտաժ է։ Նրանք հո չեն ասելու, որ ՀՀ-ն խաղաղության պայմանագիր է ուզում կնքել, բայց մենք հարձակվում ենք նրա վրա։ Նրանք դա ասում են, որ հիմնավորում ունենան, թե ինչու են ուզում հարձակվել Հայաստանի վրա։ Սա շանտաժ է, պատերազմի նախապատրաստական աշխատանքներ են, ու մենք պետք է պատրաստվենք պատերազմի, վերջ։ Ամեն ինչ ասված է ու լսված է, մնացածը գործելու ժամանակահատվածն է։ 2011թ.-ից պնդում եմ, որ արցախյան հիմնախնդիր չկա, կա հայկական հարց։ Արցախյան հիմնախնդիրը ածանցյալն է հայկական հարցի։

— Ըստ Ձեզ՝ Ադրբեջանը կհամարձակվի՞ շրջանցել Արևմուտքին, Արևմուտքի հնարավոր պատժամիջոցները և հարձակվել ՀՀ-ի վրա։

— Դուք բացառո՞ւմ եք, որ ոչ թե Ադրբեջանը, այլ հենց ՌԴ-ն իր շարասյուներով հարձակվի Ադրբեջանի տարածքով։ ՌԴ-ն կարող է նման բան անել, իսկ Ալիևը ձեռքերը մի կողմ քաշած, հիմարի դեմքի արտահայտությամբ աշխարհին կասի՝ ի՞նչ կարող եմ անել, ռուսների դեմը ո՞նց փակեի։

— Ըստ Ձեզ՝ դա կարո՞ղ է լինել ռուսական խաղաղապահ զորակազմը, որը հիմա Արցախում է։

— Այո, կարող է։ Հիմա քիչ է ծավալով, բայց կավելացնեն, ու դա կլինի։ Ուղիղ առճակատման սպասենք ՌԴ-ից, բայց մենք կարող ենք ջարդել ու հետ շպրտել, մեր ռելիեֆը դա թույլ է տալիս, ու Նժդեհը դա ապացուցել է։ Մոռացե՞լ եք, թե Նժդեհը 11-րդ Կարմիր բանակին ինչպես ջարդեց և հետ շպրտեց, դրա համար են նրան թշնամի համարում։ Այն ժամանակ սովյալների ու ցեղասպանվածների Հայաստան էր, իսկ հիմա մեր ի՞նչն է պակաս։

— Պարոն Սիմոնյան, բայց արդյոք ՌԴ-ն այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, երբ ուկրաինական ճակատում լուրջ խնդիրներ ունի, հնարավորություն ունի՞ նոր պատերազմական ճակատ բացելու։

— Ճար չունի ՌԴ-ն։ Եթե չարեց, ապա ենթակառուցվածքների վերահսկողությունը իր ձեռքում չի լինելու ու չի կարողանա շնչառությունը վերականգնել։ Իր համար ամենաօպտիմալ որոշումը դա է։ Մենք էլ եթե լինեինք իր տեղը, ապա այդ քայլին գնալու էինք. կամ ինքը տիրապետում է ՀՀ-ին ու ենթակառուցվածքները իր ձեռքի տակ է վերցնում ու կարողանում ինչ-որ չափով շրջանցել պատժամիջոցները, կամ մեռնում է։ Ուրիշ խնդիր, որ հարձակվի ու չկարողանա գրավել, ինքն իր համար բացատրություն կգտնի, որ հարձակվեց ու չկարողացավ, բայց ինքը փորձելու է։ Ես կարծում եմ՝ ՌԴ-ն Ադրբեջանի տարածքով կհարձակվի Հայաստանի վրա։

— Իսկ ՌԴ-ն արդյոք ժամանակի վրա խաղալու հնարավորություն չունի՞։

— Արդեն չէ։ «Եվրոնյուզ»-ի հաղորդմամբ՝ Պուտինը դիմել է ԱՄՆ-ին, որպեսզի սառեցնեն կոնֆլիկտը, իսկ ԱՄՆ-ն մերժել է։ Ասել է, որ չեն պայմանավորվի Ուկրաինայի մեջքի հետևում, իսկ Ուկրաինան չի ուզում և ցանկանում է իր տարածքային ամբողջականությունը վերականգնել։

— Իսկ ներքին ի՞նչ խնդիրներ կարող են որոշ ուժեր ստեղծել, քանի որ նշում եք, որ ՌԴ-ն պատրաստվում է մեր դեմ պատերազմի։ Հաշվի առնենք նաև, որ ՀՀԿ-ն այս օրերին մասնակցում է Единая Россия-ի կազմակերպած համաժողովին։

— Դրանք ոչ մի բան չեն կարող անել։ Իշխանությունները նրանց առումով խնդիր չունեն, քանի որ նրանք այլընտրանք չեն առաջարկում։ Իսկ մենք՝ փորձագետներս, այլընտրանք առաջարկում ենք, բայց եթե իշխանությունները համակարգելու են հայկական ներուժը արտաքին ագրեսիայից պաշտպանելու համար, ապա ես կօժանդակեմ։ Իսկ ՀՀԿ-ն և մնացածները անցած էտապ են և ոչինչ չեն կարող անել։

Դավիթ Լևոնյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ