ՀՀ ԱԳՆ-ից հաստատում են՝ Հայաստանն Ադրբեջանին և նաև որոշ միջազգային գործընկերների փոխանցել է տեղեկամատյաններ

ԼՂ նախկին պաշտոնյաների շրջանում հարցումների միջոցով ստացված՝ ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները փոխանցվել են ադրբեջանական կողմին հունվարի 26-ին, ինչպես նախապես տեղեկացրել էինք, առաջնորդվելով հումանիտար խնդիրները կարգավորելու ձգտումով, որպես վստահության ձևավորման միջոց։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան հայտնել են Հայաստանի արտաքին հարցերով քաղաքական գերատեսչությունից:

ԱԳՆ-ից հավելել են, որ, հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները, ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների, որոնք ևս, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել դրանց ճշգրտության հավաստման գործընթացին։

«Իր հերթին, թեմայի շահարկման փոխարեն Ադրբեջանն ունի հնարավորություն փոխադարձել հումանիտար հարցերի կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումը և ցուցաբերել վստահության ձևավորման ուղղությամբ իրական հանձնառություն»,- ասվում է ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի ականազերծման պետական գործակալության հրապարակած տեղեկատվությանը, հայտնել էին, որ Հայաստանը փոխանցել է Լեռնային Ղարաբաղում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան:

Նշվում էր, որ դրանք հիմնականում ընդգրկում են Քարվաճառի Մռավ լեռնաշղթայի շուրջ ընկած տարածքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ