Պետք է գնալ ռադիկալ գործողությունների, ընդհուպ՝ Նոյեմբերի 9-ի ստորագրության հետկանչ․ համաձայն չեմ, որ դա կհանգեցնի պատերազմի․ այդ փաստաթուղթը հենց պատերազմ չլինելու մասին էր, որը եղավ ԼՂ-ում․ քաղաքագետ

Ղարաբաղի հարցը փակված է. այս թեման փակվել է սեպտեմբերին ռազմական գործողությամբ: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ քաղաքագետ Հարություն Մկրտչյանն ասաց, որ սա ինչ-որ առումով կարող ենք դիտարկել նաև որպես ինքնախոստովանական ցուցմունք, որ ԼՂ-ում իրենք և ադրբեջանցիները միասին իրականացրել են էթնիկ զտում։

«Իսկ լուծված է ԼՂ հակամարտությունը, թե ոչ, այս հարցին, նախ պետք է ներքին քննարկումներով հանգենք՝ արդյոք լուծվա՞ծ է, թե՞ լուծված չէ։ Դաշտ է նետվել նոր Սահմանադրություն ընդունելու հարցը, և համոզված կարող եմ պնդել, որ Բաքվի և Անկարայի, ինչու ոչ՝ նաև ՌԴ-ի Լյուբյանկայի համապատասխան նկուղներում մշակվել է այս սցենարը՝ դա ներարկել ՀՀ քաղաքացիների գլխում իբրև թշնամական օրակարգ: Սա ևս այդ համատեքստում պետք է դիտարկենք։ Եվ ԼՂ հակամարտությունը լուծված է, թե լուծված չէ, եկեք ժողովրդավարական քննարկումների միջոցով հասկանանք։ Ի վերջո ՀՀ-ն ժողովրդավարական պետություն է, մենք ինքներս մեր ներսում այդ դիսկուրսը ծավալենք, այդ հարցի պատասխանը գտնենք և ի լուր աշխարհի տանք։ Դա որևէ մեկի խնդիրը չի»,-ասաց քաղաքագետը։

Միխայիլ Եվդոկիմովը նաև ասել է, որ այն, ինչ առաջարկում է ադրբեջանական կողմը, իր կարծիքով, միանգամայն արդարացված է, ստանդարտ ձևակերպումներ և հոդվածներ, որոնք որպես կանոն, գոյություն ունեն կողմերի միջև խաղաղության պայմանագրերում։ «Եվ սկզբունքորեն այն առաջարկների հիման վրա, որոնք անում է Բաքուն, ինձ թվում է՝ կարելի է արագ ավարտել այդ բանակցությունները»,-ասել է Եվդակիմովը։

Այս առնչությամբ քաղաքագետը հարց է բարձրացնում՝ իսկ Բաքուն առհասարակ կողմնորոշվե՞լ է, թե ինքը ինչ է ուզում, ուզո՞ւմ է, թե՞ չի ուզում։ «Սա հերթական անգամ փորձ է՝ Նոյեմբերի 9-ի, ինչու ոչ՝ դրանից հետո եռակողմ բոլոր ձեռք բերված պայմանավորավածությունները ՀՀ-ին միակողմանի պարտադրելուն։ Սա հերթական փորձն է ռուսական դիվանագիտության կողմից, իրենց հարթակներում ձևավորված հակահայ պայմանավորվածությունները պարտադրել բացառապես ՀՀ-ին։ Այդ դեպքում ԼՂ հակամարտությունը Նոյեմբերի 9-ի փաստաթղթղով լուծվա՞ծ էր, թե՞ ոչ։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանվում էր, որ Լաչինի միջանցք պետք է լինի, որ միջանցքի վերահսկողությունը ռուսները պետք է իրականացնեն, կա շփման գիծ, այնտեղ ապրող բնակչությունը պետք է ապահովված լինի անվտանգությամբ՝ ռուսների աջակցությամբ։ Ո՞րն է տեղի ունեցել։ Ժողովրդական լեզվով ձևակերպեմ՝ «փորձում են իրենք իրենց էգը բոլոր միջոցներով որձ դարձնել» և ապացուցել, որ իրենք ճիշտ են։ Չկա այդպիսի բան։ Մենք գործ ունենք նոր իրողությունների հետ ու սրա հետ ևս պետք է առերեսվենք, առճակատվենք»,-ասաց քաղաքագետը։

Մեջբերելով վարչապետի երեկվա հարցազրույցում հնչած արտահայտությունը, որ Պրահայի փաստաթղթղի տակից Ադրբեջանն իր ստորագրությունը հետ չի կանչել, քաղաքագետը հարց է բարձրացնում, թե արդյոք ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է հետ կանչել նոյեմբերի 9-ի փաստաթղթղի տակից իր ստորագրությունը, թե՞ ոչ՝ հավելելով, թե լկտի քաղաքականությունը, որը ՌԴ-ն վարում է մեր նկատմամբ, մենք սրան որևէ կերպ պատասխանելո՞ւ ենք ի վերջո, թե՞ ոչ։

Խոսելով Եվդոկիմովի արտահայտած այն արտահայտության մասին, որ «Հայաստանը ձգձգում է Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքի ստեղծման շուրջ բանակցությունները»՝ քաղաքագետն ասաց, որ հայկական կողմը շարունակաբար ասել է, որ պատրաստ է բացել բոլոր կապուղիները հարևան բոլոր պետությունների հետ, այդ թվում՝ նաև Թուրքիայի, բայց հստակ սուվերենության և ինքնիշխանության պահպանման, և որևէ պարագայում սա չի կարող ոտնահարվել։

«Հիմա ի՞նչ են նրանք առաջարկում։ Կրկին վերադառնանք նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետին։ Նրանք պարտադրում են մեզ նոյեմբերի 9-ի փաստաթղթղի 9-րդ կետը՝ կապ Ադրբեջանի շրջանների և Նախիջևանի միջև՝ Սյունիքով, սա է նրանց ասածը։ Դրա համար անկյունաքարային է մեզ համար ի վերջո, այս նոր իրողություններին գնահատական տալու և դրանից բխող գործողություններ կառուցելու։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, երբ որ նրանք ոտնահարել են և մենք ստացել ենք ամբողջությամբ դատարկված Արցախ, բայց դրանից հետո մենք պետք է հետևություններ անենք և թույլ չտանք այդ չարաբաստիկ 9-րդ կետի պարտադրումը։ Այո, պետք է գնալ ռադիկալ գործողությունների, ընդհուպ՝ ստորագրության հետկանչ, որովհետև, դրա բոլոր հիմքերը կան։ Ես համաձայն չեմ, որ դա կհանգեցնի պատերազմի։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հենց պատերազմ չլինելու մասին էր, որը եղավ ԼՂ-ում»,-եզրափակեց քաղաքագետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ