Ադրբեջանում սկսվել է արյունոտ շոուի եզրափակիչ ակտը

Այսօր Ադրբեջանում անցկացվում են նախագահի արտահերթ ընտրություններ, կամ ավելի ճիշտ տեղի է ունենում Ալիևի վերանշանակումը։ Ադրբեջանն ընտրական շոու է կազմակերպել հայաթափված Արցախում։ Ընտրական տեղամասեր են բացվել նաև Լեռնային Ղարաբաղում, թեպետ այնտեղ բնակչություն չկա։ Ընտրությունների ընթացքին, պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, հետևում է 790 միջազգային դիտորդ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը։ Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի պատվիրակություններին պաշտոնական Բաքուն ընտրություններին հետևելու հրավեր չի ուղարկել։

Ադրբեջանում նախագահի ընտրությունն անցկացվում է գործող նախագահ Ալիևի ագրեսիվ հռետորաբանության և Հայաստանից նոր տարածքային պահանջների ներկայացման ֆոնին։ Ինչը վկայում է, որ Ալիևն այս ընտրություններով, իսկ ավելի ճիշտ իր վերընտրությամբ, փորձում է իր ագրեսիվ հավակնությունների նոր փուլի սկիզբ դնել։

Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ ձգտում են խաղաղության և չեն շեղվելու այդ ճանապարհից։ Բնականաբար, բոլոր ողջամիտ հասարակություններն ու իշխանությունները ձգտում եմ խաղաղության, հարևանների հետ նորմալ հարաբերությունների, սակայն խաղաղությունը պետք է ողջամիտ գին ունենա։ Բնականաբար, լավ կլինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքեն, սակայն այդ պայմանագիրը չպետք է լինի միակողմանի զիջումների փաստաթուղթ։ Սրա մասին նաև ընդգծում են Հայաստանի իշխանությունները։

Հակառակ Երևանի՝ Բաքուն շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել բանակցային գործընթացում, և դա ակնհայտորեն խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը չէ։ Ադրբեջանին այս հարցում մեծ աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանը, որը Բաքվին նվիրեց Արցախն առանց հայերի, իսկ փոխարենը Ադրբեջանի միջոցով ցանկանում է ձեռք բերել, կամ վերահսկողություն սահմանել Հայաստանի տարածքով անցնող՝ այսպես կոչված միջանցքի կամ ճանապարհների նկատմամբ։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը Ադրբեջանի հետ ձգտում է կազմաքանդել Հայաստանի պետականությունը։

Ընդհանրապես, բանակցային գործընթացում 2023 թվականի սեպտեմբերից հետո նոր ստատուս քվո է հաստատվել, որը ինչ-որ առումով նաև լեգիտիմությունից զրկել է Բաքվի և Մոսկվայի այն պահանջները, որոնք կային մինչև Արցախի օկուպացիան ու հայաթափումը, կամ ամրագրված էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

Մասնավորապես, այս երկու կողմերը շարունակում են յուրովի շահարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, ըստ որի պետք է ապաշրջափակվեն տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, Հայաստանը պետք է երաշխավորի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Եռակողմ հայտարարության այս կետն այսօր լեգիտիմ համարվել չի կարող, որովհետև չեն պահպանվել այդ փաստաթղի այն կետերը, որոնցով սահմանվում էր, որ պետք է Լաչինի միջանցքով, իսկ հետագայում այդ միջանցքին փոխարինող այլ երթուղով կապ պահպանվեր Հայաստանի և Արցախի միջև։ Այսօր չկա Լաչինը, չկա այլընտրանքային երթուղին և չկա հայերով բնակեցված Արցախը։ Հետևաբար, Ադրբեջանն ու Ռուսաստանը ոչ մի լեգիտիմ հիմք չունեն տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողություն պահանջելու։

Միջազգային հանրությունը՝ թերևս լավ հասկանում է այս իրավիճակը, հետևաբար՝ պետք է նաև հասկանա, որ եթե Ադրբեջանը ռուսական «դաբռոյով» ուժով վերցնում է այդ միջանցքը, ապա դա արդեն ագրեսիա է, օկուպացիա։

Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ վերականգնել է իր երկրի տարածքային ամբողջությունը, սակայն միևնույն ժամանակ հրապարակային չի հայտարարում, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջությունը և շարունակում է տարածքային նոր պահանջներ ներկայացնել, մասնավորապես՝ անկլավների հարցում։

Ալիևը շարունակում է անպարտելի համարել իրեն, ինչը վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանուր տարածաշրջանի և այն ուժերի համար, որոնք ցանկանում են հաստատվել տարածաշրջանում։ Հետևաբար, եթե Արցախի օկուպացիայի դեպքում միջազգային հանրությունը որոշակի լոյալություն էր պահպանում և բավարարվում էր միայն հումանիտար կոչերով, ապա Հայաստանի պարագայում դա կլինի նաև հարձակում միջազգային իրավունքի, սկզբունքների դեմ, եթե, իհարկե այս խառը շրջանում աշխարհում դեռ գործում են միջազգային իրավունքներ ու սկզբունքներ ասվածը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ