Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի կալանքի որոշումը բողոքարկվել է

Ստացվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը:

«Դատարանի որոշումը ստացել ենք, մեր կողմից ներկայացվել է համապատասխան բողոքը»,- ասաց Ալեքսանյանը՝ այլ հարցերի չպատասխանելով:

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, երկու ամսով կալանավորվել է: Գործը կապված է Գևորգյանի՝ «Սիներջի» ընկերությունում աշխատանքի հետ։ Կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ:

Հունվարի 31-ին, հայտնի դարձավ, որ ուժային կառույցները՝ Հայաստանի քննչական կոմիտեն և Ազգային անվտանգության ծառայությունը, համատեղ խուզարկություններ են կատարել Էկոնոմիկայի նախարարությունում և բազմաթիվ անձանց հասցեներում, ձերբակալվել է էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Անի Իսպիրյանը, որի պաշտոնից ազատման մասին հայտնի դարձավ երեկ առավոտյան: Կան նաև այլ ձերբակալվածներ:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հանդես եկավ պարզաբանմամբ՝ կատարվածի առնչությամբ ներկայացնելով մանրամասներ:

Հակակոռուպցիոն դատարանը 2 ամիս ժամկետով նաև կալանավորել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ