Քաղավիացիայի նախկին բարձրաստիճան պաշտոնյան չարարաշել է պաշտոնեական լիազորությունները. մեղադրանք է ներկայացվել 3 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ:

«Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ նախկին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում (ներկայում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե) 2004-2016թթ. ընթացքում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած անձը ի պաշտոնե ունեցել է ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների կառավարումն ու վերահսկողությունն իրականացնելու գործառույթ։

Վերջինս, ի պաշտոնե 2009 թվականից տեղեկացված լինելով քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից կառավարության հաստատմանը ներկայացված՝ ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման հայեցակարգի շրջանակներում պետպատվերի հիմունքներով տարեկան 4-5 օդաչու պատրաստելու անհրաժեշտության մասին և անտեսելով, որ 1 տարվա օդանավի վարձավճարի չափն ակնհայտորեն գերազանցում է օդանավ ձեռք բերելու արժեքը, 2012 թվականից միջոցներ չի ձեռնարկել քաղավիացիայի գլխավոր վարչությանը հատկացված պետական միջոցներով օդանավ ձեռք բերելու ուղղությամբ։

Ավելին, նույն ժամանակահատվածում «Diamond DA-40» սերիայի օդանավ ձեռք բերելու և իր ենթակայությամբ գործող ավիացիոն կրթությամբ զբաղվող ՓԲ ընկերությանը վարձակալությամբ հանձնելու համար, իրեն փաստացի պատկանող, սակայն հորեղբոր որդու անվամբ գրանցված ՍՊ ընկերության միջոցով բանակցություններ է սկսել Մեծ Բրիտանիայում գործող ընկերության հետ:

Օդաչու-ուսանողների թռիչքային պրակտիկայի անցկացման նպատակով ՓԲԸ-ի կողմից 2012թ. նոյեմբերին և 2013թ. մարտին հայտարարվել են մրցույթներ, որոնք համարվել են չկայացած՝ հայտերի բացակայության պատճառով։ Դրանից հետո՝ 2013թ․ մայիսին, ՓԲԸ-ի գնահատող հանձնաժողովը որոշում է կայացրել մրցույթը կազմակերպել առանց հայտարարության հրապարակման՝ բանակցային ընթացակարգի միջոցով։

Այն պայմաններում, որ ՍՊԸ-ի կողմից ներմուծվող «Diamond DA-40» սերիայի օդանավն ակնհայտորեն չի համապատասխանել տեխնիկական բնութագրին, քաղավիացիայի վերոհիշյալ պաշտոնյան, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նշված օդանավը գնելու շուրջ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող վերոնշյալ ՓԲԸ-ի պաշտոնյաին բանավոր հանձնարարել է բանակցային ընթացակարգի շրջանակներում ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտի հիման վրա նշված ընկերության հետ կնքել մեկ թռիչքային ժամը 218.900 ՀՀ դրամով «Diamond DA-40 TDI» սերիայի օդանավի վարձակալության պայմանագիր:

ՓԲ ընկերության պաշտոնյան, տեղեկացված լինելով, որ ՍՊԸ-ն փաստացի պատկանում է իր վերադասին՝ վերոհիշյալ պաշտոնատար անձին, ի կատարումն նրա հանցավոր մտադրության, խոչընդոտները վերացնելու և միջոցներ տրամադրելու եղանակով օժանդակելով վերջինիս, կազմել է նախահաշվային գնի և շուկայական գնի համեմատության վերաբերյալ կեղծ բացատրագիր այն մասին, թե իբր մեկ թռիչքային ժամի համար 218.940 ՀՀ դրամ վարձավճարը համապատասխանում է շուկայական գներին։ Դա այն պայմաններում, երբ 2008-2011թթ․ ընթացքում ՓԲԸ-ի կարիքների համար ԱՄԷ-ում գրանցված մեկ այլ ընկերության և նշված ՓԲԸ-ի միջև կնքված՝ ուսումնական օդանավի վարձակալության պայմանագրերով օդանավի մեկ ժամի վարձակալության առավելագույն արժեքը կազմել է 130.603 ՀՀ դրամ:

Այնուհետ, հաշվի չառնելով, որ ՍՊԸ-ի կողմից ներմուծվող «Diamond DA-40» սերիայի օդանավն ակնհայտորեն չի համապատասխանել տեխնիկական բնութագրի պահանջներին, 2013թ. հունիսին ՓԲԸ-ի անունից հիշյալ ՍՊԸ-ի հետ կնքել է մեկ թռիչքային ժամը 218.900 ՀՀ դրամով օդանավը վարձակալելու պայմանագիր, իսկ 2016-2018թթ. հիշյալ պայմանագիրը հետագա փոփոխություններով վերակնքվել և գործել է մինչև 2018թ. սեպտեմբեր ամիսը: Ընդ որում, օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ պայմանագրի գործողության ընթացքում, առանց հիմնավորման, օդանավի մեկ թռիչքային ժամի արժեքը արհեստականորեն բարձրացվել է. 2015 թվականից հիշյալ օդանավի մեկ թռիչքային ժամի արժեքը դարձել է 257.580 ՀՀ դրամ, իսկ 2018 թվականի ապրիլից- սեպտեմբեր՝ 240.000 ՀՀ դրամ:

ՍՊԸ-ի կողմից 2013թ. հուլիսին ընդամենը 86.210.827 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը) արժեքով գնված «Diamond DA-40» սերիայի օդանավի վարձակալության արդյունքում ՓԲԸ-ի կողմից փաստացի քաղավիացիայի նշված պաշտոնյային պատկանող ընկերությանը 2013-2018թթ. ընթացքում բանկային փոխանցումների միջոցով վճարվել է 592.077.300 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ նույն ժամաքանակով թռիչքներն առավելագույնը կարող էին կազմել 317.887.702 ՀՀ դրամ, ինչպես նաև նույն ՓԲԸ-ի կարիքների համար նշված գնի սահմաններում օդանավ ձեռք բերելու դեպքում հնարավոր կլիներ խուսափել առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների որևէ կերպ չհիմնավորված վատնումից:

Այնուհետև հիշյալ պաշտոնյան, իրեն փաստացի պատկանող ընկերության գերշահույթն ավելացնելու նպատակով, 2014թ. ՓԲ ընկերության վերոհիշյալ աշխատակցի հետ համատեղ հաստատել է ՓԲԸ-ի ուսումնական պլանը, որով յուրաքանչյուր ուսանողի համար նախատեսված 150 ժամ ուսումնավարժանքային թռիչքները փոխարինել են 170 ժամով, իսկ 2015թ. թռչող ապարատների «թռիչքային շահագործում» մասնագիտության անվճար ուսումնական տեղերի հայտերի թիվը ամենամյա 5-ից դարձրել են 7՝ այն դեպքում, երբ արդեն իսկ նշված կենտրոնի շրջանավարտները, ազգային ավիափոխադրող ընկերության բացակայության պատճառով, չեն ունեցել քաղաքացիական ավիացիայի կողմից ՀՀ կառավարություն ներկայացված հայեցակարգով նախատեսված 5 տարի ժամկետով աշխատելու պայմանագիր:

Բացի այդ, նույն պաշտոնյան, 2016թ. հունիսին զբաղեցրած պաշտոնից ազատվելուց ամիսներ անց՝ 2016թ. դեկտեմբերին, կազմակերպել է ՍՊԸ-ի 99% բաժնեմասի սեփականության իրավունքի փոխանցումն իր մորը:

Այսպիսով, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նշված պաշտոնյայի կողմից, հիշյալ ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցրած անձի օժանդակությամբ, իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և վերը նկարագրված հանցավոր գործողությունների արդյունքում, պետությանը և ՓԲԸ-ի օրինական շահերին պատճառվել է էական վնաս։ Այսինքն՝ ՓԲԸ-ի կարիքների համար օդանավի վարձակալության համար հատկացված գումարներից 2013-2018թթ. ընթացքում վերոհիշյալ՝ իրեն փաստացի պատկանող ՍՊԸ-ին անհիմն ավել է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 274.189.598 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա, հսկող դատախազի որոշմամբ, քաղավիացիայի՝ նշված բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (արարքը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), հարուցվել է հանրային քրեական հետապնդում և ներկայացվել մեղադրանք: Համապատասխան մեղադրանքներ են ներկայացվել նաև վերջինիս ազգականին և վերոնշյալ ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցրած անձին։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ