Սուրճի բաժակ նայելու նման է մեր գերբը, առյուծը ժպտո՞ւմ է, թե՞ սատանա է, գլուխը կտրա՞ծ է, պետք է փոխել. երաժշտագետ

Երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգի և զինանշանի փոփոխությունը կարևոր է, քանի որ և՛ մեկը, և՛ մյուսը ազդում են մարդկանց ենթագիտակցության վրա:

Նկատենք, որ այսօր հարցին անդրադարձել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որի համար ակնհայտ է՝ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի: Վերջինս կարծում է, որ այն պետք է կապ ունենա հայկական պետության ու երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: Սիմոնյանը նաև կարծում է, որ պետք է քննարկել զինանշանի փոփոխության հարցը: Նա պնդել է, որ չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ է եղել մարդկության համար: Ըստ ԱԺ խոսնակի՝ այժմյան զինանշանի վրա պատկերված առյուծը նման է ֆեյսբուքյան սմայլիկի, իսկ Հայաստանը պաշտպանող սուրը շղթայված է:

Բաղրամյանի խոսքով՝ ազգային խորհրդանիշերը պետք է լինեն պարզ և ըմբռնելի, որոնք գաղափարի շուրջ հավաքելու հատկություն կառաջացնեն:

«Ես դրա մասին շատ-շատ եմ խոսել, փոխել պետք է միանշանակ, որովհետև կործանարար է: Մանավանդ օրհներգը, քանի որ երաժիշտ եմ, ու գործող օրհներգն ինձ համար ամենաանթույլատրելի է, ամենավատ տարբերակը: Պրիմիտիվ, օտարածին ինչ-որ բան, ոչ մի բանի մասին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Ըստ Բաղրամյանի, սակայն, նախքան օրհներգը կամ զինանշանը փոխելը պետք է մտածել, թե ինչով ենք դրանք փոխարինելու, ինչ գաղափարախոսություն ենք դնելու. «Մենք անընդհատ խոսում ենք, որ պիտի փոխել, բայց ինչո՞վ: Ամեն մեկը դեսից-դենից սկսելու է օրհներգ գրել, ու ով ինչ ճաշակ ունի՝ ռաբիսից մինչև չգիտես ինչ, բերելու են ասեն՝ սա լավ է, նա լավ է: Օրինակ՝ ինձ համար «Սարդարապատ» ստեղծագործությունը օրհներգի համար լավագույն տարբերակն է»:

Երաժշտագետի կարծիքով՝ խորհրդանիշերը ընտրելիս պետք է մի քանի կարևոր հարցի պատասխանել՝ ո՞վ ենք մենք և ի՞նչ ենք անում այս աշխարհում, ի՞նչ բան է հայկական պետությունը: Ըստ նրա՝ շուրջ 30 տարի հայկական արժեհամակարգը գռեհկացվել և արժեզրկվել է:

«Տանն էլ է, չէ՞, այդպես, երբ երեխային անընդհատ ասում են՝ հիմար, սովորեցնում, որ ծնողների վրա գոռա, վիրավորի, ի՞նչ կլինի այդ ընտանիքի հետ. կդաստիարակվի նրանց ոչնչացնող մի բան»,- ասում է նա:

Հարցադրմանը՝ արդյոք մեր օրհներգը մեզ ոչնչացնելու մասի՞ն է, վերջինս պատասխանում է. «Ոչ միայն օրհներգը, օրհներգը դրսևորումներից մեկն է: Մենք մեր տեղը մոլորակում չենք հասկանում, որովհետև այդ «խառը կանաչին» մեր գերբի մեջ է, խոշորացույցով ենք նայում, թե ի՞նչ են ուզում ասել այսքան բաներով լցված և մեկը մյուսին հակասող խորհրդանիշերը: Մոտավորապես սուրճի բաժակ նայելու նման է մեր գերբը: Տվե՛ք՝ թող ուշադիր նայեն, տեսնեն՝ ինչ է նկարած. առյուծը ժպտո՞ւմ է, թե՞ սատանա է, գլուխը կտրա՞ծ է, թե՞ չէ»:

Նա պնդում է՝ զինանշանը պետք է լինի հասկանալի, որ շատ հեռվից նայելու դեպքում անգամ հստակ լինի, որ հայկական է ու հայի մասին:

«Օրինակ՝ Թուրքիայինում հազար կիլոմետր հեռավորությունից երևում են կիսալուսինն ու աստղը, նրանք իրենց նույնականացնում են այդ նշանի հետ: Եկե՛ք տասը կամ մի մետրից մեր գերբին նայենք, մենք կարո՞ղ ենք հասկանալ՝ որ մեր գերբն է, թե՞ եսիմ ինչ է: Խայտառակություն է, գերբն էլ, հիմնն էլ պետք է փոխել»,- ասում է զրուցակիցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ