Լուրջ չէ ասել, որ Պուտինը կհաղթի պատերազմը․ Իսկանդարյան

«Այն ինչ կատարվում է ռուս-ուկրաինական պատերազմում, շատ նման է Առաջին համաշխարհային պատերազմին։ Տարբեր ջոկատներ, վարձկաններ, հանցագործներ և այլն։ Լուրջ չէ ասել, որ Պուտինը կհաղթի ու կլինի այս ինչ բաները․․․ հասկանալի չէ, թե որն է կողմերի համար հաղթանակը։ Եթե ՌԴ-ի համար հաղթանակը Ուկրաինան գրավելն է, ապա դա լուրջ չէ, հնարավոր չէ, տարբեր սցենարներ կան և պարզ չէ, թե որը կլինի հաղթանակը։ Ուկրաինայի դեպքում հաղթանակը Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնում է, ինչը ևս շատ դժվար է։ Նաև հաշվի առնենք, որ առանց Արևմուտքի աջակցության Ուկրաինան չի կարող կռվել»․ ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ելքերի մասին խոսելով՝ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Իսկանդարյանը նկատեց, որ Արևմուտքի համար գնալով դժվարանում է Ուկրաինային շարունակական աջակցություն տրամադրելը․ «Ռուսաստանը կարողանում է շարունակել պատերազմը։ Սկզբում, երբ Արևմուտքը սկսեց սանկցիաներ կիրառել, խոսում էին, որ ՌԴ-ն կձգի կես տարի, հետո ասում էին մեկ տարի, բայց տնտեսական վերակառուցում եղավ։ Իհարկե, ռուսական զենքը գնալով քչանում է, բայց այն, ինչ կա՝ տնտեսական և ռազմական ուժը, հերիքում է, որ ՌԴ-ն կարողանա շարունակել պատերազմը»։

Իսկանդարյանի խոսքով՝ Ռուսաստանում հասարակության հետ խնդիրներ են առաջանում, քանի որ սոցիալական անարդարություն կա․ «Էթնիկ խնդիրներ են առաջանում, քանի որ ռազմաճակատում զոհվում են բուրյաթները, դաղստանցիներ, օսեթներ։ Պատերազմին մասնակցում են աղքատները, մասնակցում են շրջաններից այն մարդիկ, որոնք ֆինանսական խնդիրներ ունեն և պատերազմի միջոցով գումար են աշխատում»։

Իսկանդարյանի կարծիքով՝ պատերազմը ՌԴ-ն կշարունակի այնքան, մինչև Ուկրաինան կընկնի, ու չի բավականացնի զենքը, բայց այս պահին դա հնարավոր չէ, ու Ռուսաստանի կառավարությունը կշարունակի այս պատերազմն առնվազն 2 տարի։

Հարցին՝ ՌԴ իշխանության ներսում կարո՞ղ են խնդիրներ առաջանալ, ինչպես եղավ Պրիգոժինի դեպքում, Իսկանդարյանը պատասխանեց․ «Այսօր մենք տեսնում ենք, որ Պուտինը «մաքրել է» ռուսական քաղաքական դաշտը․ դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը կարող է հեղաշրջում իրականացնել։ Մի կողմից, եթե Պրիգոժինի պես մարդը կարողացավ մոտենալ իշխանությանը և դարձավ լուրջ դերակատար, դա նշանակում է, որ լուրջ ճգնաժամ կա։ Բայց մյուս կողմից՝ ՌԴ իշխանությունն այդ հարցը լուծեց»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ