«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակի հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրվարույթ է նախաձեռնվել. ՔԿ

«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից այսօր՝ հունվարի 30-ին, ստացել է հաղորդում՝ Երևան քաղաքի Վ․ Դավթյանի անվան այգում «Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ մեկ անձի կողմից կատարված առերևույթ խուլիգանական գործողությունների վերաբերյալ համացանցում և սոցիալական կայքերում տարածված տեսանյութի վերաբերյալ։

Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվում է նախաքննություն՝ կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու և նշված անձի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինիս ինքնությունը պարզվել է, միջոցներ են ձեռնարկվում նրան վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- ասված է գրառման մեջ։

Նախօրեին սոցցանցերում ու լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Երևանում տղամարդը պղծել է պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը։ Տեղեկատվության համաձայն՝ նա ծաղկեպսակներից պոկել և տրորել էր Ռուսաստանի դրոշի գույներով ժապավենը՝ նկարահանելով իր՝ վիրավորական արտահայտություններով գործողությունները և հրապարակելով այն։

Հայաստանում Ռուսական տան (Россотрудничество) ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն էլ նամակ էր հղել գլխավոր դատախազին Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշակոթողը պղծելու գործով։

ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինը վարչության կենտրոնական գրասենյակին հանձնարարել էր քրեական գործ հարուցել այս փաստի առթիվ և ՌԴ արտաքին գործերի նախարարության հետ համատեղ պարզել կատարվածի բոլոր հանգամանքները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ